Գործիքն էֆեկտիվ է, դրա համար էլ 12 տոկոսը դարձրել ենք 20, ապագայում գուցե վերանայումներ լինեն. Թորոսյանը՝ հետվճարի մասին


 

Գործիքն էֆեկտիվ է, դրա համար էլ 12 տոկոսը դարձրել ենք 20, ապագայում գուցե վերանայումներ լինեն. Թորոսյանը՝ հետվճարի մասին

  • 09-01-2026 13:11:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կենսաթոշակ և նպաստ ստացող 378 հազար քաղաքացի օգտվում է հետվճարի համակարգից, որը բոլոր ստացողների՝ 660 հազարի 57 տոկոսն է, այսինքն՝ դա խիստ զանգվածային միջոցառում է, որից օգտվում է այդքան մարդ, և կարող են օգտվել բոլորը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կենսաթոշակառուների և նպաստառումների սոցիալական վիճակի բարձրացմանն առնչվող ծրագրերին:
 
«Հետվճարի համակարգի ներդրումը պատահական չէ: Այն ունի երկու նպատակ, և մենք միշտ բարձրաձայնում ենք դրա մասին, և այդ երկու նպատակը պետք է դիտարկել միշտ միասին»,- ասաց նա:
 
Ըստ նախարարի՝ առաջին նպատակը կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներին ավելին ստանալու հնարավորություն տալն է: Երկրորդ նպատակը տնտեսության՝ ստվերից դուրս բերելն է, քանի որ հավելյալ հարկեր կհավաքագրվեն, և հնարավորություն կստեղծվի բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները:
 
«Անգլերեն ասած՝ win-win կամ հաղթանակ-հաղթանակ լուծումն է, որ հաղթում են երկուսը, այսինքն՝ դու ստանում ես քո հետվճարը, նաև գեներացնում ես հավելյալ հարկեր, որով հետվճարը տրվում է»,- ասաց նա:
 
Ըստ նախարարի՝ կենսաթոշակների և նպաստների բարձրացման այս նորարարական լուծումն էֆեկտիվ է. «Այսինքն՝ կարծում ենք, որ գործիքն էֆեկտիվ է, դրա համար էլ 12 տոկոսը դարձրել ենք 20 տոկոս, ապագայում գուցե վերանայումներ լինեն»:
 
Նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հետվճարի միջին չափը 4200 դրամ է:
 
Հիշեցնենք՝ 2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10000 դրամով՝ գործող 6000-ի փոխարեն։
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը