Տարածաշրջանային բախումների խորքային ընթերցումի համար «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանին հետ։
– Ինչպե՞ս եք բնութագրում Հալեպում արձանագրվող ռազմական բախումները։
— Թեև զարգացումները անկանխատեսելի են, այնուամենայնիվ որոշ ուղղություններով հնարավոր է նկատել տրամաբանական շղթա։ Առաջին հերթին ակնհայտ է, որ գործող իշխանությունները դեռ չեն կարողացել ձևավորել ամբողջովին կենտրոնաձիգ, բրգաձև կառուցվածք ունեցող, բացառապես իրենց ենթակա զինված ուժեր։ Սա բնորոշ խնդիր է քաոսային վիճակից դեպի կազմակերպված պետություն անցում կատարող ցանկացած ուժի համար։
– Որո՞նք են այդ գործընթացին խոչընդոտող հիմնական գործոնները։
— Առաջինը ցեղախմբային կամ ազգաբնակչական հիմքով գոյություն ունեցող զինված կազմավորումները են, որոնց մեջ առաջնային տեղ են զբաղեցնում քրդական խմբավորումները։ Նրանց զինաթափումը այժմ հռչակված խնդիր է Դամասկոսի իշխանությունների համար։
– Այդ զինաթափման գործընթացը միայն ներքին սիրիական հարց՞ է։
— Ոչ։ Սա չի կարելի բացատրել միայն սիրիական զինված ուժերը բանակի վերածելու տրամաբանությամբ։ Այստեղ առկա է հստակ ռազմաքաղաքական խնդիր, որը երկար ժամանակ առաջադրում է Անկարան՝ նպատակ ունենալով քրդական գործոնի զինաթափում և, մասնավորապես, անվտանգային գոտու ստեղծում։
– Այս համատեքստում ինչպե՞ս է գնահատվում Աբդուլլահ Օջալանի դերը։
— Այդ համապատկերում է, որ պետք է դիտարկել պատանդառված Օջալանի կոչերը իր հայրենակիցներին՝ զենք դնելու և Թուրքիայի հետ «նոր էջ» բացելու մասին։ Թեև նման կոչեր հնչել են, արձագանքը լիարժեք չէ։ Փաստացի քրդական ուժերը շարունակում են զինված բախումները՝ մերժելով զենքի հանձնումը։ Այստեղ քաղաքական տրամաբանությունը հստակ է․ եթե Անկարան Օջալանից պահանջում է զինաթափման կոչ, ապա այլ ուժեր քրդերին դրդում են հակառակ քայլին։
– Ո՞ր ուժերի մասին է խոսքը։
— Սկզբնապես Անկարայի թիրախը հյուսիսային Սիրիան էր, որտեղ նախատեսվում էր նաև անվտանգային գոտու ձևավորում։ Սակայն այնտեղ փաստացի գոյություն ունեցող ինքնավար Քուրդիստանը շարունակում է գործել։ Այս ճակատը կարծես շրջանցված է, և այժմ մարտերը տեղափոխվել են երկրորդ ճակատ՝ Հալեպի մերձակայք և քաղաք։
– Այս տեղաշարժը ռազմավարական է, թե՞ քաղաքական։
— Ռազմագիտական բացատրություններ, անշուշտ, կան, սակայն քաղաքական մտածողությունը հուշում է, որ այստեղ կարևոր է քրդական գործոնը մշտապես խաղի մեջ պահելը։ Սա ենթադրում է ուժերի առկայություն, որոնք շահագրգռված են քրդական հարցը օգտագործել Անկարայի դեմ։
– Կարո՞ղ եք օրինակներ բերել նման միջնորդավորված բախումների։
— Դրուզների պարագայում ակնհայտ էր Իսրայելի դերակատարությունը՝ իր անվտանգային գոտին ստեղծելու նպատակով։ Փաստացի Դամասկոսին հարող զինված ուժերը բախման մեջ էին Իսրայելի աջակցությունը ստացող դրուզների հետ։ Սա կարելի է դիտարկել որպես միջնորդավորված բախում Անկարայի և Թել Ավիվի միջև՝ սիրիական տարածքում։
– Քրդական գործոնի շուրջ միջազգային դերակատարների մասնակցությունը նոր երևո՞ւյթ է։
— Ոչ։ Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան վերջին տասնամյակներում քրդերի՝ Իսրայելի կողմից զինվելու մասին։ Բացի այդ, հիմքեր չկան կարծելու, թե քրդական գործոնը դուրս է եկել Վաշինգտոնի արտաքին քաղաքական օրակարգից։
– Ինչպե՞ս եք բնութագրում տարբեր համայնքների դեմ գործողությունների հերթականությունը։
— Տեսնում ենք որոշակի շղթա․ նախ ալևիները՝ ծովեզրյա շրջաններում, ապա դրուզները, և այժմ՝ նախապատրաստական փուլից հետո, քրդերը։ Սակայն երանգները տարբեր են։ Ալևիները կարող էին որոշ աջակցություն ստանալ Ռուսաստանից, որը վարչակարգի տապալումից հետո այլևս նախկին ազդեցությունը չէր ներկայացնում։ Դրուզները՝ սահմանափակ ձևով, ստացան Իսրայելի աջակցությունը։ Իսկ քրդերի պարագայում գործ ունենք ավելի լայնածավալ, համակարգված զինված բախումների հետ, ոչ թե պարզապես ջարդերի կամ զանգվածային սպանությունների։
– Այս իրավիճակում ո՞րն է հայկական համայնքի դիրքը։
— Հայկական համայնք գոյություն ունի թե՛ Հալեպում, թե՛ հյուսիսային Սիրիայի փաստացի ինքնավար Քուրդիստանում։ Հալեպի իրադարձությունների շուրջ հայկական լրատվությունը, մասնավորապես «Գանձասար»-ը, ցուցաբերել է զգուշավոր և կշռադատված մոտեցում՝ առաջնահերթ համարելով տեղեկատվական անվտանգությունը և հակախուճապային քաղաքականությունը։
– Ինչո՞ւ է դա կարևոր։
— Զգայացունց լուրերի հետևից ընկնելը՝ դիտումների կամ այցելությունների թիվը բարձրացնելու նպատակով, կարող է լուրջ վտանգներ ստեղծել առաջին հերթին հենց մարտական գոտիներում ապրող հայ համայնքի համար։
– Ի՞նչ եզրակացություն կարելի է անել այս փուլում։
— Սա Սիրիայի՝ աշխարհաքաղաքական մեծ անցումային գործընթացի հերթական, դեռ անորոշ ելք ունեցող օղակն է։ Մինչ այդ, հայկական քաղաքական-վերլուծական միտքը և լրատվադաշտը պարտավոր են առաջնորդվել բացառապես տեղական համայնքի պաշտոնական հաղորդագրություններով և պետական աղբյուրներով՝ հաշվի առնելով նախորդ ճգնաժամային փուլերի փորձը։