12-01-2026 15:38:26 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am. Անցած տարեվերջին ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը պաշտոնական նամակով Ադրբեջանի գլխավոր դատախազին ծանուցել է, որ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի աղետի փաստով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է: Այդ առթիվ չափազանց ինտրիգային կարծիք է հայտնել Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Ադրբեջանցի խորհրդարանականի համոզմամբ, մարդատար ինքնաթիռը խոցելու հրաման տրվել է, որպեսզի հետո «ամեն ինչ վերագրվի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ռազմատենչությանը և այդպիսով Ադրբեջանի և Չեչնիայի միջև թշնամանք հարուցվի, բայց կանխածրագիրը չի ստացվել»:
Նման տեսակետ Բաքվից հնչում է առաջին անգամ: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «ձնհալ» սկսվել է Վլադիմիր Պուտինի նախագահության առաջին շրջանում, երբ նա 2001թ. հունվարի 6-ին այցելել է Բաքու: Բանակցությունների արդյունքում կողմերն ստորագրել են «Բաքվի հռչակագիրը», որով Ռուսաստանը ճանաչել է Կովկասի անվտանգության հարցում Ադրբեջանի ռազմա-քաղաքական դերը:
Այդ փաստաթուղթն ստորագրելուց հետո Ադրբեջանը փակել է Բաքվում «Իչկերիայի հանրապետության ներկայացուցչությունը», հարյուրավոր չեչեն զինառյալներ, որ բժշկական օգնություն էին ստանում, արտաքսվել են: Չեչենական երկրորդ պատերազմում Ադրբեջանը դադարեցրել է իր տարածքով անջատողականներին զենքի և զինամթերքի մատակարարումները: Հետագա տարիներին Բաքվի և Գրոզնիի հարաբերությունները եղել են ջերմ-բարեկամական: Ռամզան Կադիրովը նույնիսկ Իլհամ Ալիևին անվանել է «եղբայր»:
Չեչնիան և Ադրբեջանը «թշնամացնելու ռուսաստանյան կանխածրագրի» մասին Մուսաբեկովի հայտարարությունը հազիվ թե նրա անձնական «տպավորությունն» է: Պետք է համոզված լինել, որ նա հրապարակայնացրել է պաշտոնապես մշակված տեսակետ, որի հասցեատերն, ամենայն հավանականությամբ, ոչ այնքան Վլադիմիր Պուտինն է, որքան՝ Ռամզան Կադիրովը:
Ըստ էության, խնդիրը կարելի է դիտարկել ավելի խորքային առումով: Փաստացի Բաքուն Մոսկվային մեղադրում է Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի իսլամադավան սուբյեկտների միջև «թշնամանք հրահրելու» մեջ:
Եթե այդ նարատիվը գնահատելու լինենք հակառակ տրամաբանությամբ, ապա կստացվի, որ Մոսկվայի համար Ադրբեջանի և ՌԴ հյուսիսկովկասյան ինքնավարությունների բարեկամությունը, մեղմ ասած, ցանկալի չէ: Իսկ դա քաղաքական իմաստ կունենա միայն մի դեպքում՝ եթե այդ բարեկամությունը վտանգում է Ռուսաստանի կովկասյան շահերը: Մուսաբեկովը միանշանակ պնդում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այլևս «դաշնակցային չեն»: Ըստ նրա, Ադրբեջանն, իհարկե, Ռուսաստանի հետ «սրացումների չի գնա, բայց դիստանցավորումը կխորանա, թեև փոխշահավետ հարցերում կողմերը կպահպանեն համագործակցությունը»: