Ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները. վարչապետի անդրադարձը
13-01-2026 15:32:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. 2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին, և հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել: Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ ՀՀ-ում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով, և նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է:
Ի դեպ, 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և դիզվառելիքի նվազագույն գինը շուկայում արդեն այս ընթացքում նվազել է 2 տոկոսով:
Նաև ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8 տոկոսով. այսինքն` եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է: Այս ամենը խաղաղության օրակարգի և խաղաղության արդյունքներն են և խաղաղության օգուտները»,- նշել է նա:
Նա ընդգծել է, որ ներմուծման հետ կապված այս ընթացքում Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ քննադատություն կա:
«Հայաստանում ասում են՝ բենզին եք գնում, փողերը ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա: Ադրբեջանում ասում են, որ բենզինը և դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերն ու զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա»,- ասել է նա:
Վարչապետն արձանագրում է, որ երկու մտահոգությունն էլ տեղին չեն, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված: «Այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ, և այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն: Պետք է արձանագրել, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում են, քաջալերում են այն ընկերությունները ու շրջանակները, որոնք նաև դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել. նրանք ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի և վերջնականապես վերանալու են, և օգտվելու են ՀՀ քաղաքացիները:
Սա խաղաղություն է, և մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք և խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը ուրախությամբ եմ արձանագրում, որ ՀՀ-ն անում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: