Իրանում, ըստ ակտիվիստների, զոհերի թիվը գերազանցել է 2500-ը. Թրամփը խոստացել է օգնել
14-01-2026 12:43:45 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am. Իրանում դեկտեմբերի 28-ից շարունակվող հակակառավարական ցույցերի զոհերի թիվն, ըստ ակտիվիստների, հասել է 2571-ի։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում տեղակայված «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը»։
Ըստ ակտիվիստների տրամադրած տվյալների՝ զոհերից 2403-ը ցուցարարներ են, իսկ 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Զոհերի թվում կա 12 երեխա։ Խումբը նշել է 18 100 մարդու ձերբակալության մասին։
Իրանի պետական հեռուստատեսությունը ևս հայտնել է, որ ցույցերի ընթացքում կան «բազմաթիվ նահատակներ», սակայն նրանց պաշտոնական թիվը դեռ չի հաղորդվել։
Զոհերի թվի մասին տեղեկությունների հայտնվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել է. «Իրանցի հայրենասերներ, շարունակեք ցույցերը, գրավեք ձեր կառույցները»։
Նա հավելել է, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև «չդադարեն ցուցարարների անմիտ սպանությունները»։ Թրամփը նաև գրել է, որ «օգնությունը ճանապարհին է»։
Ավելի ուշ, սակայն, Թրամփը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմը սպասում է ցուցարարների մահվան թվի վերաբերյալ ճշգրիտ զեկույցի՝ նախքան համապատասխան կերպով գործելը։
«Ինձ թվում է, որ նրանք իրենց շատ վատ են պահել, բայց դա հաստատված չէ», – ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Իրանի անվտանգության ուժերին։
Թրամփը ցույցերի ընթացքում բազմիցս հայտարարել էր, որ իրանցի ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում ԱՄՆ-ն կմիջամտի։ Նա չէր բացառել ռազմական միջամտության տարբերակը։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին իր հերթին հայտարարել է, որ «Իրանի ժողովրդի գլխավոր մարդասպաններն են» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։