Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում


 

Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում

  • 17-01-2026 11:53:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում:
 
Հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի միջազգային պահուստների աճով, հարկաբյուջետային կոնսոլիդացիայով, պարտքի կայունացմամբ և շարունակական կայուն տնտեսական աճով։ Նկատի է առնվել, որ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը նպաստում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։
 
Ակնկալվում է, որ 2025թ.-ին ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.5%, իսկ 2026-27թթ.-ին աճը կպահպանվի 5.0%-ից բարձր մակարդակում։ Միջնաժամկետ հատվածում աճի լրացուցիչ դրական հնարավորություններ կարող են ի հայտ գալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կայուն իրագործման և Թուրքիայի հետ սահմանի բացման պարագայում։
 
Այն ժամանակաշրջանում, երբ համաշխարհային տնտեսությունը ենթարկվում է հաճախակի տատանումների, Հայաստանը ոչ միայն պահպանում է կայունություն, այլև ցուցադրում է զարգացման այնպիսի դինամիկա, որը թույլ է տալիս խոշորագույն վարկանիշային կառույցներին վերանայել իրենց սպասումները դեպի առավել լավատեսական հորիզոն։
 
Fitch-ն ամփոփում է, որ Հայաստանի «BB-» վարկանիշն արտացոլում է մակրոտնտեսական քաղաքականության կայուն շրջանակը և տնտեսական բարձր աճը, որը նպաստում է մեկ շնչին ընկնող եկամտի ավելացմանը։  Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը «դրականի» արտացոլում է հաջորդ վերանայումների վարկանիշի բարձրացման մեծ հավանականությունը։
 
 
ՀՀ ֆինանսների նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն