Սիրիայի նախագահը քրդերի վերաբերյալ հատուկ հրամանագիր է ստորագրել


 

Սիրիայի նախագահը քրդերի վերաբերյալ հատուկ հրամանագիր է ստորագրել

  • 17-01-2026 12:50:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան երկրի՝ ազգությամբ քուրդ քաղաքացիների մասին հրամանագիր է ստորագրել, որում ընդգծվում է քրդերի մշակութային և լեզվական ինքնությունը, ուշադրություն է հրավիրվում նրանց իրավունքների ապահովման գործում պետության դերի և պատասխանատվության վրա:
 
Փաստաթղթի համաձայն՝ քուրդ քաղաքացիներին երաշխավորվում է իրենց մշակութային ժառանգությունը, արվեստը պահպանելու և մայրենի լեզուն ազգային ինքնիշխանության շրջանակներում զարգացնելու իրավունքը: Քրդերենն էլ ճանաչվում է որպես ազգային լեզու: Քուրդ բնակչության զգալի մասնաբաժին ունեցող շրջաններում թույլատրվում է այն դասավանդել պետական և մասնավոր դպրոցներում։
 
Սիրիայի տարածքում բնակվող՝ քրդական ծագում ունեցող բոլոր քաղաքացիներին, ներառյալ նրանց, ովքեր գրանցում չունեն, տրվում է Սիրիայի քաղաքացիություն:
 
Նովրուզը Սիրիայի Արաբական Հանրապետության բոլոր շրջաններում հայտարարվում է պաշտոնական տոն:
 
Նախագահի հրամանագրով երկրի պետական լրատվամիջոցները և ուսումնական հաստատությունները պարտավորվում են պահպանել ներառական ազգային դիսկուրսը: Էթնիկ կամ լեզվական հիմքով ցանկացած խտրականություն և մեկուսացում արգելվում է օրենքով:
 
Ահմեդ Ալ-Շարաան հայտարարել է, որ քրդական ծագում ունեցող քաղաքացիները Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն են, իսկ նրանց լեզվական ինքնությունը Սիրիայի ազգային ինքնության անբաժանելի մասն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը