1in.am Անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում վարձակալած բնակարանից բերման է ենթարկել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, այսպես կոչված՝ «Ժողովրդավարական ուժերի խորհուրդ» ընդդիմադիր կառույցի նախագահության անդամ Գյուլթեքին Հաջիբեյլիին: Այդ մասին նույնը օրը նա տեղեկացրել է անձամբ՝ ֆեյսբուքյան գրառումով: Հաջիբեյլին հայտնել է, որ տեղափոխվել է արտաքսման ենթակա անձանց համար նախատեսված պահպանման վայր և գտնվում է հսկողության ներքո:
Անցած ավելի քան երկու ամիսներին Հաջիբեյլին ֆեյսբուքյան գրառումով դիմել է Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընին և նախագահ Էրդողանին և խնդրել, որ իրեն չարտահանձնեն Ադրբեջանին, որտեղ նրան սպասում է մեղադրանքի առաջադրում և կալանք: Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հաջիբեյլիին կասկածում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի հետ կապերի և «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձին մասնակցության» մեջ:
Երևում է, Թուրքիայի իշխանությունները Հաջիբեյլիի արձահանձնումն ուշացնում են կամ, գուցե, ինչ-որ պատճառաբանությամբ մերժում: Իշխանական minval politika-ն այդ առթիվ հիշեցրել է 2016 թվականը, երբ Էրդողանի դեմ «զինված հեղաշրջում է կատարվել». Եվ պաշտոնական Բաքուն «միանգամից արտահանձնել է FETO կառույցի բոլոր անդամներին՝ կատարելով եղբայրական երկրի առաջնորդի խնդրանքը»:
Բաքվի լրատվամիջոցը հիշեցրել է թուրքական ասացվածքը, որ «գաղտնի առևտուրը քանդում է բարեկամությունը» և կասկածել, որ, գուցե «մադամ Հաջիբեյլին Ադրբեջանին չի արտահանձնվում Ռուսաստանի խնդրանքով»: Մեհթիևն, ինչպես հայտնի է, մեղադրվում է Կրեմլի աջակցությամբ Ադրբեջանում «իշխանությունը բռնությամբ յուրացնելու» մեջ: Այդ գործի շրջանակներում կալանավորվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, որի մերձավոր համախոհներից է նաև Գյուլթեքին Հաջիբեյլին:
Իշխանական մամուլի ընդգծված նյարդային ոճի հրապարակումը վկայում է, որ անցած ամիսներին Ադրբեջանի և Թուրքիայի պատմական մարմինների միջև Հաջիբեյլինն արտահանձնելու հարցով քննարկումներ ընթացել են, բայց որոշում պետք է կայացնի անձամբ Էրդողանը, իսկ այն ուշանում է՝ սպառնալով փլուզել Մեհթիևի դեմ հարուցված քրեական գործը: Ալիևն, ըստ ամենայնի, Էրդողանին հիշեցնում է, որ «պարտքը գեղեցիկ է հատուցմամբ»: Բայց հայտնի է, որ 2016թ.-ին Էրդողանին ոչ թե Ալիևը, այլ Վլադիմիր Պուտինն է փրկել: