ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ նախագծեր է քննարկել, այդ թվում՝ հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագիծը


 

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ նախագծեր է քննարկել, այդ թվում՝ հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագիծը

  • 19-01-2026 19:10:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 19-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են քննարկել:
 
««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը: Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:
 
Ռուբեն Ռուբինյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխության համաձայն՝ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ՝ անմիջապես:
 
Նախագծի ընդունումից հետո հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր:
 
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 
Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը չի փոփոխվել:
 
««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել միասնական կառուցակարգեր և մեթոդաբանության հիման վրա կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին համապատասխան գործառույթների և լիազորությունների վերապահման միջոցով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը: Նա նշել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
 
Զեկուցողի տեղեկացմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է ԿԿՀ անդամի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին առնչվող կարգավորումների հստակեցմանը վերաբերող առաջարկ, որն ընդունվել է հեղինակի կողմից:
 
Երկրորդ ընթերցմամբ նաև քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:
 
Հիշեցնենք, որ կարգավորումների համաձայն՝ նախատեսվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումներն ու ճանապարհային հարկի վճարման ժամկետ սահմանել ավտոտրանսպարտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ:
 
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործադիրն առաջարկել է եւս մեկ արտոնություն սահմանել, ըստ որի՝ եթե տրանսպորտային միջոցը մուտք գործի ՀՀ տարածք, սակայն չլքի մաքսային հսկողության գոտու տարածքն ու վերադառնա, ապա դրա համար ճանապարհային հարկ չի գանձվի:
 
Հաջորդիվ քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության զարգացմանը միտված նախաձեռնությունը: Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը նշել է, որ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չի փոփոխվել:
 
«Կլիմայի մասին» և կից ներկայացված 10 օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Նշվել է, որ նախաձեռնությամբ սահմանվում են կլիմայական քաղաքականության մշակման ու իրականացման համար անհրաժեշտ լիազորող նորմերը, ինչպես նաև ոլորտում կիրառելի հասկացությունները:
 
Փոխնախարարի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական փաթեթում կատարվել են տեխնիկական շտկումներ:
 
Քննարկվել է նաև «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նախագծի համաձայն՝ եթե ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացին կատարի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ՀՀ-ում, ապա այդ տուգանքները նրան կծանուցվեն, և նա տուգանքը կկարողանա վճարել սահմանին: Եթե օտարերկրացին արդեն դուրս եկած կլինի ՀՀ տարածքից, ապա վերադարձի ժամանակ հնարավորություն կունենա մուտք գործել ՀՀ տարածք միայն տուգանքը մարելուց հետո: «Տվյալ պարտավորությունը չմարելու դեպքում կկիրառվի մեկ տարվա մուտքի արգելք»,- ընդգծել է փոխնախարարը:
 
Զեկուցողը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
 
Արմեն Ղազարյանը նաև ներկայացրել է «Օտարերկրացիների մասին» ու կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է տեխնիկական միջոցների ներդրմամբ ամբողջությամբ թվայնացնել օտարերկրացիներին տրամադրվող բոլոր կացության կարգավիճակների՝ ժամանակավոր և մշտական տրամադրման գործընթացը:
 
Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Փոփոխվել է նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը՝ այն սահմանելով 2026 թվականի նոյեմբերի 1-ը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն