Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում
02-02-2026 12:06:17 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային հակամարտության:
ԱՄՆ-ն ավիակիր է տեղակայել տարածաշրջանում, իսկ Իրանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում։
«Ամերիկացիները պետք է իմանան. եթե նրանք պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ», - կառավարամետ Tasnim լրատվական գործակալությունն է մեջբերել Խամենեիի խոսքերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել Իրանի գործերին՝ նրա միջուկային ծրագրի և բողոքի ցույցերի դաժան ճնշման պատճառով: Շաբաթ՝ հունվարի 31-ի երեկոյան, Ֆլորիդա մեկնելու ճանապարհին, լրագրողների հարցին, թե արդյոք որոշե՞լ է, թե ինչ գործողություններ կձեռնարկի Իրանի դեմ, նա պատասխանել է, որ չի կարող ներկա պահին ասել: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Իրանը «լուրջ» բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ և հույս է հայտնել, որ նրանք կկարողանան հասնել «ընդունելի» համաձայնության: Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի «շատ մեծ և հզոր նավեր»:
ԱՄՆ ռազմական հզորության ամրապնդման շրջանակներում Միացյալ Նահանգները տարածաշրջանում է տեղակայել USS Abraham Lincoln ավիակիրը, իսկ անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ այն գործում է Արաբական ծովում։
Փոխադարձ սպառնալիքներն ու Հորմուզի նեղուցը
«Թրամփը անընդհատ ասում է, որ նավեր է բերել... Իրանի ժողովուրդը նման բաներից չի վախենա», - փետրվարի 1-ին իր ելույթում ասել է Խամենեին։
Այս կիրակի Իրանը նախատեսում է երկօրյա ռազմածովային զորավարժություններ սկսել Հորմուզի նեղուցում՝ աշխարհի ամենակարևոր նավագնացության ուղիներից մեկում և էներգամատակարարման հիմնական ուղում, իրական կրակոցներով զորավարժություններով։
Նավթի համաշխարհային առևտրի մոտ մեկ հինգերորդն անցնում է այս ջրային ուղով, որը Իրանի և Օմանի միջև գտնվող իր ամենափոքր կետում մոտ 33 կիլոմետր լայնություն ունի։ Իրանը նախկինում սպառնացել էր փակել նեղուցը երկրի դեմ հարձակման դեպքում։
ԱՄՆ-ն Իրանին զգուշացրել է տարածաշրջանում ամերիկյան ուժերի մոտ նրանց անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը հղի է լինելու վտանգներով, իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատասխանել է՝ ասելով. «ԱՄՆ զինված ուժերը հիմա փորձում են թելադրել, թե ինչպես պետք է մեր հզոր զինված ուժերը անցկացնեն մարտական կրակի վարժանքներ իրենց սեփական տարածքում»։
Պայթյուններ Իրանում
Շաբաթ օրը՝ հունվարի 31-ին Իրանում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից մեկը որոտացել է Բանդար Աբբասի հարավային նավահանգստային քաղաքի շենքում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 14-ը՝ վիրավորվել։ Տեղական իշխանությունները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, մինչդեռ կառավարամետ Tasnim լրատվական գործակալությունը հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրություններն այն մասին, որ պայթյունի թիրախը եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատարը։
Հարավ-արևմտյան Ահվազ քաղաքում մեկ այլ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ. տեղական իշխանությունները նույնպես որպես պատճառ նշել են գազի արտահոսքը, ըստ իրանական Tehran Times թերթի։
Ցույցերն ու դրանց հետևանքները Իրանում
Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին տեղեկացրել է երկու պայմանի մասին, որոնք պետք է կատարվեն ԱՄՆ ռազմական միջամտությունից խուսափելու համար. «Առաջինը՝ ոչ մի միջուկային զենքին: Երկրորդը՝ դադարեցնել ցուցարարների սպանությունը»։
Փետրվվարի 1-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զոհված 2 հազար 986 մարդու անունները։ Պաշտոնապես, 3117 մարդ է մահացել, բայց զոհվածներից 131-ը կամ դեռ չեն նույնականացվել, կամ կան անհամապատասխանություններ բնակիչների տվյալների բազայում նրանց անձնական տվյալների մեջ։ Երբ այս անհամապատասխանությունները լուծվեն, կառավարությունը խոստացել է հրապարակել ամբողջական ցուցակը։
Այնուամենայնիվ, մարդու իրավունքների պաշտպանները պնդում են, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է։ Ամերիկայում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստներ» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ հաստատել է ավելի քան 6300 զոհվածների ինքնությունը և հետաքննում է ևս 17 հազար մահվան մասին հաղորդագրությունները։
Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքներ» կազմակերպությունը կարծում է, որ վերջնական թիվը կարող է հասնել մինչև 25 հազար զոհի։
«Իրան միջազգային» մեդիա հարթակը նշել է ամենաբարձր՝ 36 հազար 500 զոհվածի մասին թիվը:
Ըստ երևույթին, այս թվերին հղում անելով՝ Փեզեշքիանի վարչակազմը հայտարարել է, որ «ի տարբերություն այս երկրի պատմական թշնամիների և չարախոհների, ովքեր մարդկային կյանքերը համարում են պարզապես թվեր և վիճակագրություն և դրանք մեծացնելով՝ ձգտում են իրենց քաղաքական շահին», Իրանի կառավարությունը կարծում է, որ յուրաքանչյուր մահացած մարդ թանկ է։
«Յուրաքանչյուր իրանցի մեզ համար նման է Իրանին, և նախագահը, իր բարոյական պարտքի և ժողովրդի հանդեպ նվիրվածության շնորհիվ, իրեն համարում է նրանց իրավունքների պաշտպան», - ասվում է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։
Կիրակի օրը իր ելույթում Խամենեին մեղադրել է ցուցարարներին ոստիկանության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և այլ թիրախների, այդ թվում՝ բանկերի և մզկիթների վրա հարձակվելու համար:
«Հեղաշրջումը ճնշվել է», - նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
Ցուցարարները BBC-ին ասել են, որ անվտանգության ուժերի գործողությունները աննախադեպ են եղել իրենց դաժանությամբ։
Այնուամենայնիվ, փաստն այն է, որ մեծ մասշտաբներ ընդգրկող և աղմուկ հանած ցույցերը երկրում մարել են: