Դատարանը մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի


 

Դատարանը մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի

  • 02-02-2026 13:42:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժվել է  Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և  Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց  քաղաքացիական դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հովսեփյանը։ 
 
Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց՝ պահանջելով  հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մասնավորապես, պատմության 9-րդ դասարանի դասագրքում ԼՂ հայաթափման վերաբերյալ գլխում նշվում է, թե իբրև Սամվել Շահրամանյանը ստորագրել է լուծարման փաստաթուղթ։  Միևնույն ժամանակ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որով նախագահի ներկայացուցիչը խնդրել է արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025 թ, հրատարակության դասագրքի համապատասպան ենթավերնագրի ուսուցումը դպրոցներում՝ մինչև գործով դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը։ Որպես հերքման տեքստ Շահրամանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողներին՝  հրապարակային հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հերքումը կրթական ծրագիր մտցնելու միջոցով հրապարակել հետևյալ տեքստը․«Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» կեղծ է և ոչ իրական։
 
Իրականում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ուղղակի պահանջով և բնակչության սպանդի սպառնալիքով Արցախի նախագահին առաջարկել է հրավիրել Ազգային ժողովի նիստ և ընդունել Արցախը լուծարելու մասին հռչակագիր։ Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։ Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։ Հասկանալով իրավիճակի լրջությունն ու հաշվի առնելով շրջափակման փաստը՝ Արցախի նախագահն առաջարկել է հռչակագիրը փոխարինել իր իսկ կողմից ընդունված հրամանագրով։
 
Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես ադրբեջանական պահանջի այլընտրանք, նման հրամանագիր չընդունելով հանդերձ, Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին թիվ թիվ ՆՀ-657-Ն հրամանագրի գոյության մասին։ Հայտարարության նպատակը ՀՀ-ԱՀ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հրամանագիր՝ արդեն այն գրավոր տեսքի տալով ու ստորագրելով, որով նույն հարթակում անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։
 
Ո՛չ այս հրամանագիրը և ո՛չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի մասին որևէ հայտարարություն իրավական ուժ չունեին, երկուստեք հակասում էին թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը