Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում գտնվող ԵՄ դեսպաններին
02-02-2026 16:54:36 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am Իրանի ԱԳՆ-ն, ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ահաբեկչական կառույց ճանաչելու Եվրամիության որոշման, իր բողոքն արտահայտելու համար կանչել է Թեհրանում հավատարմագրված ԵՄ բոլոր երկրների դեսպաններին: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։
Նրա խոսքով՝ Իրանը քննարկում է ԵՄ-ի դեմ մի շարք պատասխան միջոցներ, և վերջնական որոշում կկայացվի առաջիկա օրերին։
Հունվարի 29-ին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները «վճռական քայլ են ձեռնարկել՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով»։ Տվյալ քայլն ավտոմատ կերպով ակտիվացրել է «Պատասխան միջոցների մասին» Իրանի օրենքի 7-րդ կետը, որի համաձայն՝ այսուհետ հանրապետության իշխանությունները ԵՄ պետությունների զինված ուժերը նույնպես ճանաչում են որպես ահաբեկչական կառույցներ: