«Խաչատուրյա՛ն, ինչի՞ համար ես շնորհակալ Ալիևին»․ բողոքի ակցիա նախագահականի դիմաց
03-02-2026 14:29:47 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Ակցիայի մասնակիցները պաստառներ են պահել հետևյալ գրություններով. «Մեր ցավը քո դիվանագիտությունը չէ», «Դավոսում՝ շնորհակալություն, Եռաբլուրում՝ պատասխան», «Ալիևին շնորհակալությունն իսկական ամոթ է»։
Երևանում` նախագահական շենքի դիմաց, այս պահին բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների ծնողներ, հարազատներ և մի շարք այլ քաղաքացիներ։ Նրանք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջում են ներողություն խնդրել Դավոսում Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։
Նշենք, որ հունվարի 20–ին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողություն կունենա, որովհետև երկու երկրներն էլ առաջ են նայում, իսկ եթե հետ նայեն ու փորձեն գտնել հակամարտության պատճառները, դա կզրկի այսօր ստեղծված հնարավորություններից։ Խաչատուրյանն իր ելույթի ընթացքում նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին դրսևորած քաղաքական կամքի համար։
«Վահագն Խաչատուրյա՛ն, քեզ սպասելու ենք Եռաբլուրում, ու դու պիտի գաս։ Եթե չգաս, ապա մենք քեզ մի տեղ տեսնելու ենք։
Պարտավոր ես հրապարակային ներողություն խնդրել։ Եթե այդքան ուժ չունես, ապա պահանջելու ենք` լքես այս պաշտոնը»,- ասաց բողոքի ակցիան կազմակերպած «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչը։
Զոհված զինծառայողներից մեկի մայրն էլ նշեց՝ իրենք սառը քարերը գրկած են տոները դիմավորում, իսկ երկրի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Իլհամ Ալիևին։
«Այս ցավը պետք է իշխանության ներկայացուցիչներից ցանկացածի տանը պետք է լինի, որպեսզի հասկանան՝ ինչ ենք մենք զգում։ Ալիևին ասում եք շնորհակալություն, բայց 2 օր հետո գալիս եք ու Եռաբլուրում չակերտավոր գլուխ եք խոնարհում»,- ասաց կինը։
Բողոքի ակցիայի մասնակիցները նաև իրենց ձեռքերում պահում են «Մեր ցավը քո դիվանագիտությունը չէ», «Դավոսում՝ շնորհակալություն, Եռաբլուրում՝ պատասխան», «Ալիևին շնորհակալությունն իսկական ամոթ է» և այլ գրություններով պաստառներ։