Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ
03-02-2026 15:27:38 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ են այցելել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը եւ Լաուրա Սիմոնյանը:
Փորձագետների հետ հանդիպել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարինա Ղազարյանը եւ Էսթեր Այվազյանը:
Նախատեսված մի շարք հանդիպումներից եւ քննարկումներից հետո փորձագետները պատրաստելու են զեկույց, որում, մասնավորապես, ներառվելու են ինչպես հանդիպումների ժամանակ հնչեցված տեսակետները, այնպես էլ առաջարկները:
«Մեզ համար շատ կարեւոր է լսել ձեր կարծիքներն ու տեսակետները, որոնք մեզ հնարավորություն կտան հասկանալ իրականությունը եւ ավելի կհեշտացնեն մեր գործը, երբ պատրաստենք զեկույցը»,- նշել է փորձագետ Դինարա Դիլդաբեկովան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցության, կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության հարցերին:
Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության ոլորտները, առանձնահատուկ կարեւորել հանձնաժողովի աշխատանքներում կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը:
Խոսելով Հայաստանում գենդերային քաղաքականության վիճակից՝ հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխություններին՝ առանձնացնելով ամուսնության տարիքային շեմի բարձրացումը: Նշվել են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք միտված են ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանութանը: Պատգամավորները ներկայացրել են մշակման փուլում գտնվող օրինագծերը:
Օրենսդիրները, ընդհանուր առմամբ, արդյունավետ են գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքները: