Պուտինը՝ Զելենսկուն. «Մի հիշեք գոլոդոմորը, թե չէ կենթարկվեք խոլոդոմորի»


 

Պուտինը՝ Զելենսկուն. «Մի հիշեք գոլոդոմորը, թե չէ կենթարկվեք խոլոդոմորի»

  • 03-02-2026 16:13:43   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Փետրվարի լույս 3-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը կրկին զանգվածային հրթիռակոծման և ԱԹՍ-երի հարձակման է ենթարկվել: Այդ մասին «Դոյչե վելլեի» ռուսական ծառայությանը հայտնել է քաղաքապետ Կլիչկոն: Ըստ տեղեկության, խափանվել է ջերմա-էլեկտրամատակարարումը, իսկ դրսում քսան աստիճան սառնամանիք է: Կլիչկոն ասել է, որ ջեռուցման սեզոնի մեկնարկից ի վեր դա արդեն համակարգի դեմ «իններդ զանգվածային հարձակումն է»: Ըստ «Դոյչե վելլեի»՝ ջերմա-էլեկտրամատակարարումների «խափանման մասին հայտնել են նաև Ուկրաինայի այլ քաղաքներից»:
 
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիբիգան Ռուսաստանի պահվածքը «ահաբեկչություն» է որակել: «Պուտինը սպասել է սառնամանիքներին, կուտակել հրթիռներ և անօդաչուներ, որպեսզի ուկրաինական ժողովրդի դեմ ցեղասպան հարձակումները շարունակի»,- սոցիալական X հարթակում գրել է նաև և ամփոփել, որ ոչ Աբու-Դաբիում այս շաբաթ սպասվող բանակցությունները, ոչ Միացյալ Նահանգների հետ շփումներւ Պուտինին չեն խանգարում, որպեսզի «ցրտաշունչ ձմռանը շարունակի շարքային մարդկանց դեմ ահաբեկչությունը»:
 
Արդեն անոնսավորված է, որ փետրվարի 4-5-ին Աբու-Դաբիում կկայանան ռուս-ուկրաինական նոր քննարկումներ, դրանց կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը: Նախօրեին ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի «զինվորականների միջև շփումներ են եղել»: Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ուկրաինական կարգավորման թեմայով հատուկ քննարկում է անցկացրել: Ռուսաստանի հետ դիվանագիտական հաղորդակցությունը վերականգնելու անհրաժեշտության մասին խոսել է Ֆրանսիայի արտգործնախարար Բորոն:
 
Այս ֆոնին բանակցությունների նոր փուլի մեկնարկից մեկ օր առաջ Ուկրաինայի մայրաքաղաքի հրթիռակոծումը մի եզրակացության տեղ է թողնում միայն, Ռուսաստանը մերժում է խաղաղ կարգավորումը և մտադիր է պատերազմը շարունակել մինչև Կիևի «անվերապահ կապիտուլյացիա»: Ռուսաստանի նախագահ Պուտինը բազմիցս շեշտել է, որ «պետք է վերացվեն հակամարտության սկզբնապատճառները», բայց երբեք չի կոնկրետացրել, թե որո՞նք են դրանք:
 
Ոչ հեռավոր անցյալին անդրադարձը, կարծես, այդ հարցի պատասխանը տալիս է, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը հրապարակային դրսևորվել է, երբ Կիևում ընդունվել է «գոլոդոմորի» մասին օրենքը: 2006թ.-ին Ուկրաինայի Գերագույն ռադան «գոլոդոմորը» ճանաչել է որպես «ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն»: Խոսքը 1932-33 թվականներին Ուկրաինայում զանգվածային սովամահության մասին է, որ ուկրաինական կողմի գնահատմամբ՝ «խորհրդային իշխանությունները միտումնավոր են կազմակերպել»:
 
Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, «գոլոդոմորը» որպես «ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն» չի ճանաչում, համարում է, որ խորհրդային իշխանությունների կողմից կոլեկտիվացման ընթացքում «թույլ են տրվել սխալներ, և դժվարություններ ունեցել է ամբողջ խորհրդային ժողովուրդը»: Չնայած Մոսկվայի համառ պնդումներին եւ գործադրած ազդեցությունը, Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունած իրավական ակտը չի փոխել, այն մնում է ուժի մեջ:
 
Պատերազմի հինգերորդ տարվա նախաշեմին Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի էներգետիկ համակարգի ոչնչացման քաղաքականություն: Ակնհայտ է, որ Մոսկվան հետապնդում է այդ միջոցով Կիևին «ծնկի բերելու» նպատակ: Փաստացի ստացվում է, որ «գոլոդոմորը» հիշելու և միջազգային հանրությանն այդ մասին հիշեցնելու համար Ուկրաինան պատժվում է «խոլոդոմորով»: Ըստ էության, դա է ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնապատճառը: Այն կարող է վերացնել միայն Ռուսաստանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

04-02-2026 22:36 | Ասուլիս

նեոս