Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ
03-02-2026 16:37:17 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը եւ Լաուրա Սիմոնյանը Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով այցելել են Ազգային ժողով:
Փորձագետների հետ հանդիպել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանը եւ Գայանե Եղիազարյանը:
Փորձագետ Դինարա Դիլդաբեկովան հայտնել է, որ Հայաստան են այցելել ՀՀ Կառավարության հրավերով, եւ այցի շրջանակում հանդիպումներ են ունենալու օրենսդիր, գործադիր մարմինների, քաղհասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց տեսակետները Հայաստանում գենդերային քաղաքականության վերաբերյալ: Տեսակետները, ինչպես նաեւ առաջարկները տեղ են գտնելու պատրաստվելիք զեկույցում:
Հերիքնազ Տիգրանյանը, Մարիամ Պողոսյանը եւ Գայանե Եղիազարյանը ներկայացրել են ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ միտված գենդերահավասարության ապահովմանը, անդրադարձել նաեւ ոլորտում առկա խնդիրներին, մարտահրավերներին եւ քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցին: