Հա-ադրբեջանական կարգավորման երրորդ կողմը «պահանջված» չէ
04-02-2026 18:20:07 | ԱՄԷ | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Փետրվարի 4-ին Աբու-Դաբիում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատվիրակությունների կազմով հանդիպումը: Ըստ որոշ աղբյուրների, Փաշինյանը և Ալիևը նաև «դեմ առ դեմ քննարկումներ են ունեցել»: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «կողմերը ողջունել են ԱՄՆ նախագահի աջակցությամբ և մասնակցությամբ Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների իրացման առաջընթացը, կարևորել երկկողմ հիմքով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացի համար դրական դինամիկայի պահպանումը»:
Ադրբեջանական կողմի ներկայացմամբ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն «ընդունել են, որ երկու երկրների հանրություններն արդեն տեղերում զգում են խաղաղության իրական օգուտները»: Նրանք նաև գոհունակություն են հայտնել «երկկողմ առևտրի սկզբի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների շարունակվող արտահանման» առթիվ: Փաշինյանը և Ալիևը «ողջունել են քաղհասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները»:
Նրանք նաև «քննարկել են TRIPP և տրանսպորտային հաղորդակցության զարգացման այլ ծրագրերը»: Կողմերը «հաստատել են իրենց երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը և պայմանավորվել երկկողմ կարգավորմանը նպաստելու նպատակով շարունակել շփումները»:
Փետրվարի 4-ին Աբու-Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման արարողակարգային առանձնահատկությունը, թերևս, պատվիրակությունների կազմում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ներկայությունն է: Դա զգուշավոր լավատեսությամբ կարելի է համարել հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց: Գրիգորյանը և Մուստաֆաևը քննարկում են կողմերի համար շատ զգայուն հարցեր: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը նրանց մասնակցությունից կարելի է ենթադրել, որ տեսանելի ապագայում հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում «տեղաշարժ է սպասվում»:
Աբու-Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումը քաղաքական առումով վկայում է, որ կողմերը գոնե այս փուլում միջնորդության խիստ կարիք չունեն: Ընդգծվում է, որ խաղաղության գագաթնաժողովն անցյալ օգոստոսին կայացել է ԱՄՆ նախագահի աջակցությամբ և մասնակցությամբ, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունների իրացման համար երրորդ կողմի միջամտությունը, ինչպես դիվանագետներն են նման դեպքերում ասում, «պահանջված» չէ:
Փաշինյան-Ալիև հանդիպման մասին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տարածած՝ հիմնականում դրական տոնայնության, տեղեկատվությունը, կարծես, վկայում է, որ Ալիևը «հաղթահարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հավանական այցից մտահոգությունները»: Ըստ երևույթին, դա պայմանավորված է իրանա-ամերիկյան երկխոսության վերականգնման մասին նրա տեղեկացվածությամբ: