Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է. Փաշինյան
04-02-2026 18:50:16 | ԱՄԷ | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, և այն մեր հնարավորություններից դուրս է, հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել: Այդ մասին «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ և բարգավաճ ապագա կերտելու վրա: Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կան մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ և նույնիսկ ատելություն:
Հակամարտության ընթացքում շատերը մահացել են, և շատ սգացող ընտանիքներ հետևում են այստեղ տեղի ունեցողին: Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են, և նրանց հարազատների համար:
Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է»,- ասաց նա՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի անձնական ներգրավվածության և խաղաղության իդեալին նվիրվածությունն էին, ըստ Փաշինյանի, խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական գործոնները: