Հայաստանի նախագահին է ներկայացվել Մարդու իրավունքների<br /> պաշտպանի 2009թ.-ի տարեկան զեկույցը (լրացված տարբերակ)<br />


Հայաստանի նախագահին է ներկայացվել Մարդու իրավունքների
պաշտպանի 2009թ.-ի տարեկան զեկույցը (լրացված տարբերակ)

  • 31-03-2010 20:32:00   | Հայաստան  |  Իրավունք

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, համաձայն «Մարդու իրավունքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, մարտի 17-ին ՀՀ նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2009 թվականի տարեկան զեկույցը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ըստ զեկույցի, 2009թ.-ին Պաշտպանը 4683 անձանցից ստացել է 3783 դիմում-բողոք, որոնցից 78-ը դրական լուծում է ստացել, ինչի արդյունքում վերականգնվել է 378 անձանց խախտված իրավունքը: Նշվում է, որ դիմում-բողոքների կեսից ավելին կազմել են բանավորները: «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2009թ.-ին բանավոր դիմում-բողոքներ ներկայացնողների մի մասը խուսափում է գրավոր բողոք ներկայացնելուց, ինչպես նաեւ իրենց անունը, ազգանունը, հասցեն արձանագրելուց` պատճառաբանելով, որ դիմում ներկայացնելը կարող է բացասաբար անդրադառնալ իրենց վրա»,- ասված է զեկույցում: Անցած տարի ՄԻՊ-ի գրասենյակում առավել շատ թվով դիմում-բողոքներ ստացվել են ոստիկանության` 225, դատարանների` 202, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` 100, Երեւանի քաղաքապետարանի` 84, եւ ՀՀ Արդարադատության նախարարության` 82, դեմ: ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ներկայացվել է` 62, դատախազության դեմ` 35, Երեւանի վարչական տարածքների դեմ` 23, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեմ` 22, մարզպետարանների դեմ` 20, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության դեմ` 19, գյուղապետարանների դեմ` 17, տարածքային կառավարման նախարարության դեմ` 17, ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ կառավարության, ՀՀ Առողջապահության նախարարության դեմ` 12-ական, Պետական եկամուտների կոմիտի դեմ` 10, քաղաքապետարանների դեմ` 8 դիմում: Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների խախտմանը վերաբերող դիմումների թվում են խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դրսեւորումներին, ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման, կամայական ձերբակալման եւ կալանավորման դեպքերին, կալանավորված անձանց փաստաբան չտրամադրելու հարցերին, ինչպես նաեւ քաղաքացիություն ձեռք բերելու, անձնագիր ստանալու վերաբերյալ դիմումները: Կալանավորված եւ դատապարտված անձանցից ստացվել են նաեւ բողոքներ իրենց արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ: Սոցիալ-տնտեսական իրավունքների խախտմանը վերաբերող դիմումների շարքում գերակշռել են նպաստների, փախստականների բնակարանային հարցերի, հաշմանդամների իրավունքների, ԽՍՀՄ խնայբանկերում քաղաքացիների կողմից ներդրված ավանդների փոխհատուցման գործընթացի, սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ դիմումները:
Նոյյան տապան  -   Իրավունք