Հայաստանը կդառնա «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ». Մխիթար Հայրապետյան


 

Հայաստանը կդառնա «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ». Մխիթար Հայրապետյան

  • 10-02-2026 19:07:51   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Երևանում հյուրընկալեցինք Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովը

Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ Հայաստանում
 
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցի շրջանակում կազմակերպված այս միջոցառումը արտացոլում է երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը՝ միտված առաջատար տեխնոլոգիաների և նորարարության զարգացմանը:
 
Հայաստանը վստահելի տեխնոլոգիական գործընկեր է Միացյալ Նահանգների համար՝ իր ինժեներական ներուժով, նորարարական միջավայրով և զարգացած տեխնոլոգիական ենթակառուցվածքներով՝ ամպային լուծումներից մինչև արհեստական բանականություն։ 
 
Իմ ելույթում նշել եմ, որ Հայաստանը նպատակային և վճռական քայլեր է ձեռնարկում տեխնոլոգիաների և նորարարության իր օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ընդգծել եմ, որ մենք հստակ գիտակցում ենք՝ այս ոլորտում կայուն առաջընթացը հնարավոր չէ մեկուսացված պայմաններում։ Այդ իսկ պատճառով առանձնահատուկ կարևորություն է տրվում Միացյալ Նահանգների կառավարության, ինչպես նաև ամերիկյան առաջատար մասնավոր ընկերությունների և հաստատությունների հետ համագործակցության ընդլայնմանը։
 
Ներկայացրել եմ Հայաստանը «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ» դարձնելու մեր տեսլականը, որն աստիճանաբար դառնում է իրականություն։ Այս համատեքստում մենք ակտիվորեն աշխատում ենք Firebird նախագծի կյանքի կոչման ուղղությամբ՝ հզորացնելով համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների՝ Dell-ի և NVIDIA-ի ներկայությունը մեր երկրում։
 
Այս գագաթաժողովը կազմակերպվել է հստակ նպատակով՝ խորացնել գործընկերությունները, համահունչ դարձնել առաջնահերթությունները և անցնել երկխոսությունից հստակ համագործակցության։
 
ԲՏԱ նախարարության նախաձեռնած այս միջոցառմանը մասնակցեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության անդամներ, երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:
 
Շնորհակալ եմ բոլորին վստահության, ներկայության և այս գագաթաժողովը իրականություն դարձնելու համար»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն