ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
13-02-2026 11:26:48 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ․ Ազգային ժողովի փետրվարի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասել էր՝ ՀՀ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, դեպի Հայաստանի քաղաքացիները բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաև տեսալսողական մեդիաոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է նոր կարգավորումներ սահմանել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում:
Օրենսդրական նոր կարգավորումներով կսահմանափակվի քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը, հնարավոր կդառնա կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը՝ պաշտպանելով հանրության հոգեկան, բարոյական և տեղեկատվական անվտանգությունը։
Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ պահպանելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողությունը ու վերահսկելիությունը։