ԱՄՆ փոխնախագահի այցը՝ տնտեսական գազա՞ր, թե քաղաքական մտրակ Հայաստանի համար
13-02-2026 13:50:29 | Հայաստան | Մեկնաբանություն
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը իշխանամետ լրատվամիջոցներում ներկայացվում է որպես խոշոր արտաքին քաղաքական հաջողություն, որը բացում է Հայաստանի առջև լայն հեռանկարներ տնտեսական համագործակցության և անվտանգության ոլորտում աջակցության համար։
Իրոք, ԱՄՆ փոխնախագահը բերել է 9 մլրդ դոլարի առաջարկների փաթեթ, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Միաժամանակ ամերիկյան առաջարկները ուղղակի կամ անուղղակի կերպով ենթադրում են Հայաստանի էներգետիկ և տնտեսական կապերի խզումը Ռուսաստանի հետ։
Այցից անմիջապես առաջ ԱՄՆ-ի 12 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Երևան։ Դրանք բերել են այդ թվում սահմանային անցակետերի համար նախատեսված սարքավորումներ՝ ինչպես արդեն գործող, այնպես էլ նախատեսվող բացման անցակետեր՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում։ Խոսքը գնում է ժամանակակից սարքավորումների, ծրագրային ապահովման և տվյալների մշակման տեխնոլոգիաների մասին, որոնք վերաբերում են ոչ միայն սահմանն անցնող ֆիզիկական անձանց, այլև բեռների՝ այսինքն՝ Հայաստանի արտաքին առևտրային հոսքերի լիակատար վերահսկողությանը։
ԱՄՆ նոր վարչակազմի ոճը՝ կոշտ տնտեսական և անհրաժեշտության դեպքում ռազմական վերահսկողությունն է՝ հօգուտ հենց Միացյալ Նահանգների, ինչը վերջերս ցուցադրվել է Վենեսուելայի օրինակով։ Վաշինգտոնը, կարծես թե, նման մոտեցում է պատրաստվում տարածել նաև Կովկասյան տարածաշրջանում։ Տնտեսական «գազարի» հետ միասին գալիս է նաև բավականին կոշտ «մտրակը»։
Ի՞նչ է սա բերելու Հայաստանին։ Մոտ ապագայում՝ հրաժարում էժան ռուսական էներգակիրներից և «մոխրագույն» ներմուծումից ստացվող եկամուտներից, որոնք հիմնականում ապահովել են այն տնտեսական աճը, որով այդքան հպարտանում է Փաշինյանի կառավարությունը։ Հեռանկարում՝ Հայաստանի օգտագործումը որպես պրոքսի՝ ԱՄՆ-ի սեփական շահերի առաջխաղացման համար, ներառյալ հնարավոր մասնակցությունը ռազմական արկածախնդրություններին։ Եթե հիշենք Սիրիայի քրդերի օրինակը, ովքեր հավատացին ամերիկյան խոստումներին, ապա բոլորովին բացառված չէ, որ թվացյալ շահավետ համագործակցությունը հայ ժողովրդի համար կվերածվի նոր ողբերգության՝ ինչպես պատմության ընթացքում բազմիցս է պատահել։