Վաշինգտոնը «Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցությանը այլևս դեմ» չէ՞
18-02-2026 18:04:10 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am 2026թ. ապրիլի 1-ին կսկսվի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ- Աստարա հատվածի երկթուղագծի գործնական իրականացումը: Այդ մասին Ռուսաստանի և Իրանի միջև առևտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային քննարկումների շրջանակներում ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը: Նրա խոսքերով, «կողմերին հաջողվել է կարգավորել բոլոր վիճելի հարցերը, որ ձգձգում էին նախագծի գործարկումը»:
Ըստ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի, «Հյուսիս-հարավը» ոչ միայն «էներգետիկ, այլև տրանսպորտային միջանցք է, որի հետ կապվում է Ռեշտ- Աստարա երկաթուղային գծի կառուցումը»: Նա մանրամասնել է, որ նախկինում չլուծված խնդիրները, ներառյալ «հողերի ձեւակերպումը, մշակված են»: Ցիվիլևը վստահություն է հայտնել, որ վերջնական համաձայնությունը կկայանա ապրիլի 1-ին՝ Ռուսաստանում «Տրանպորտային շաբաթվա» շրջանակներում:
Այս տեղեկատվությունը չափազանց ուշագրավ է երկու առումով: «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը նախագծման իմաստով Բալթիկ ծովը կապում է Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի հետ: Փորձագետները հաճախ այն անվանում են «Պետերբուրգ-Մումբայ առեւտրային երթուղի»: Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը պետք է ապահովի Ադրբեջանը: Ներկայումս Ռուսաստանից երկաթուղագիծը հասնում է մինչև ադրբեջանական Աստարա: Գիծն ամբողջացնելու համար հարկ է կառուցել Ռեշտ-իրանական Աստարա հատվածը, որի ֆինանսավորումն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն իր վրա է վերցրել: Որքա՞ն է տևելու այդ գծի կառուցումը, այն իրոք կառուցվելո՞ւ է, անպատասխան հարցեր են: Բայց չենք կարող չարձանագրել, որ Պետերբուրգ-Մումբայ առևտրա-տնտեսական ճանապարհը չի գործի, եթե Ադրբեջանը չապահովի տրանզիտ: Այսինքն, բացվում է ռուս-ադրբեջանական երկխոսության նոր ասպարեզ, որտեղ Բաքուն ակնհայտ առավելություն կունենա:
Երկրորդ հանգամանքը վերաբերում է նրան, թե որքանո՞վ է Ռեշտ-Աստարա երկաթուղագծի կառուցման «խթանումը» կապվում «Թրամփի ուղու» գործնականացման ուղղությամբ քայլերին, և ի՞նչ ազդեցություն ունի ռուս-իրանական համաձայնության վրա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևան և Բաքու այցը: Այս առումով արժե հիշեցնել Ադրբեջանի նախագահի ամիսներ առաջ հնչեցրած միտքը, որ «Թրամփի ուղուց» կարող է օգտվել նաև Ռուսաստանը, իսկ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի պանելային քննարկմանը նա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գործարկումը կապել է «Բայդենի վերադարձի» հետ:
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Սյունիքում երկու՝ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ, հաղորդակցության ստեղծում: Հայաստանի տարածքով հյուսիս-հարավ հաղորդակցությունը փորձագետներն անվանում են Սև ծով-Պարսից ծոց կապ: Ալիևը Մյունխենում ակնարկել է, որ ԱՄՆ հանրապետական վարչակազմի օրոք «դա միայն երազանք» է: Ռեշտ- իրանական Աստարա երկաթուղային գծի կառուցման մեկնարկի մասին Ռուսաստանը հայտարարել է իրանա-ամերիկյան լարվածության ֆոնին: Տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «բիզնես գործարք է առաջարկել»:
Բարդ է ասել, թե արդյոք ԱՄՆ փոխնախագահը Բաքվում քննարկե՞լ է Իրան-Ադրբեջան, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված զգայուն հարցեր: Պետերբուրդ-Մումբայ տրանսպորտային միջանցքը սոսկ առևտրատնտեսական ճանապարհ չէ: Այն ակնհայտորեն աշխարհաքաղաքական նախագիծ է, որի գործնականացման դեպքում ԱՄՆ-ը կորուստներ կունենա Կենտրոնական Ասիայում. Հարավային Կովկասում և Պարսից ծոցում: 2024թ. դեկտեմբերին ընդունելով ԱՄՆ փոխպետքարտուղար ՕՙԲրայանին, Ալիևը «տարակուսել» է, թե Միացյալ Նահանգներն ինչո՞ւ են մտահոգվում Ադրբեջանից Իրան երկաթուղային կապով: Ալիևն այդ հարցի պատասխանը փոխնախագահ Վենսից ստացե՞լ է, թե՞ Վաշինգտոնն «այլևս Ռուսաստան-Իրան երկաթուղային կապին դեմ» չէ: