Թբիլիսին Վրաստանի համար որևէ վտանգ չի տեսնում ՀՀ–ի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհի պատճառով


 

Թբիլիսին Վրաստանի համար որևէ վտանգ չի տեսնում ՀՀ–ի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհի պատճառով

  • 19-02-2026 12:24:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ «որևէ երթուղի Վրաստանին փոխարինել չի կարող»։
 
Որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և նվազեցնել Վրաստանի ռազմավարական գործառույթը, որին չի փոխարինի ոչ մի ճանապարհ։ İmedi հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
 
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նոր ճանապարհները միայն կբարձրացնեն տարածաշրջանի նշանակությունը կապակցվածության տեսանկյունից, քանի որ դա լավ է տարածաշրջանի համար։
 
«Իսկապես այստեղ ռիսկ չեմ տեսնում։ Վրաստանը քարտեզից չի անհետանա։ Պարզապես նրանք, ովքեր այսօր խոսում են կապերի մասին, չեն հիշատակում Վրաստանը որպես Եվրոպայի համար հիմնական կապ, և դա կասկածի տակ է դնում նրանց կոմպետենտությունը», – հավելել է նա։
 
Բոչորիշվիլին նշել է, որ Թբիլիսին կառուցվող նոր ճանապարհը չի դիտարկում որպես մրցակից Վրաստանով անցնող ճանապարհին։
 
«Չնայած նոր ուղղությունների ի հայտ գալուն, Վրաստանն անփոփոխ կերպով պահպանում է իր ռազմավարական նշանակությունը համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզի վրա», – ասել է նախարարը։
 
Նրա խոսքով՝ նույնիսկ երեք կամ չորս նոր երթուղի ավելացնելու դեպքում դա բավարար չի լինի` հաշվի առնելով Արևմուտքի և Արևելքի միջև բեռնափոխադրումները։
 
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
 
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը