Կփոխհատուցվեն 2024-2025թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
19-02-2026 16:08:19 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կառավարությունն ընդունել է որոշում՝ մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման գումարների ամբողջական տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված։
2024 և 2025թթ. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 717 մլն 357 հազար 895 դրամ։ 2025թ. ընթացքում Կառավարությունը փոխհատուցել է 1 մլրդ 714 մլն 662 հազար 611 դրամ, ինչի արդյունքում Արմավիրի մարզի Մեծամոր (2024թ․-ին կրած վնասի մասով), Արմավիր և Բաղրամյան (2025թ․-ին կրած վնասի մասով), Արագածոտնի մարզի Աշտարակ և Լոռու մարզի Գյուլագարակ համայնքները կարկտահարության հետևանքով կրած վնասների համար փոխհատուցվել են մասնակի։
Փաստացի վնասի և փոխհատուցված գումարների տարբերությունը վճարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2026թ. պետբյուջեում կատարել վերաբաշխում։
Առկա ֆինանսական պարտավորությունները ամբողջապես մարելու նպատակով կպահանջվի 1,002,695,284.4 դրամ։