«Քարֆուր»-ի «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է


 

«Քարֆուր»-ի «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

  • 19-02-2026 16:31:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») պատկանող հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Արշակունյաց պողոտա) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այսպես. «Կրուասան կրեմով» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «S.aureus», իսկ «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
 
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
 
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն