Սահմանվել են կամրջային կառուցվածքների վերակառուցման սկզբունքները. աշխատանքները կրելու են շարունակական բնույթ
19-02-2026 16:36:13 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կառավարությունը հաստատել է ՀՀ ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկերը, դրանց վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների անվտանգ շահագործման, հնարավոր ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման անհրաժեշտությամբ։
ՀՀ մարզպետների աշխատակազմերի և «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ հանրապետության տարածքում առկա են ավտոճանապարհային 1056 և երկաթուղային 605 կամրջային կառուցվածքներ։ Անխնամ երկարատև շահագործման ընթացքում դրանցում առաջացել են երթևեկելի մասի հիդրոմեկուսիչ, ծածկութային շերտերի և բետոնի քայքայում, ամրանի և մետաղյա տարրերի, հեղույսային, գամային ու եռքային միացումների կոռոզիա։ Կամրջային կառուցվածքների գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման և սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլևս չեն բավարարում սեյսմակայուն շինարարության գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:
Հանրապետության տարածքում առկա կամրջային կառուցվածքների շահագործման անվտանգության, հանրապետության ներսում և միջպետական, տարանցիկ բեռնափոխադրումների համար հուսալի և միջազգային պահանջներին համապատասխան ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներով ապահովման ու անվտանգ քաղաքաշինական միջավայրի ձևավորում նպատակով՝ որոշմամբ սահմանվել են կամրջային այդ կառուցվածքների վերակառուցման (հիմնանորոգման) սկզբունքները, այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման քայլերը և առաջնահերթության չափանիշները: Դրանք նախատեսվում են իրականացնել սկսած 2026 թ.-ից և կրելու են շարունակական բնույթ։