Ռուս-ադրբեջանական լարվածությունը «քաղաքական բեմականացում» չէ՞


 

Ռուս-ադրբեջանական լարվածությունը «քաղաքական բեմականացում» չէ՞

  • 19-02-2026 18:55:46   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները վերջին մի քանի օրերին հետևողականորեն թիրախավորում են Ադրբեջանի իշխող զույգին: Առանձնահատուկ թիրախավորվում է առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Բանն այն է, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի պանելային քննարկումից առաջ վտարանդի լրագրող Էմին Հուսեյնովը նրան խնդրել է «Ադրբեջանի դեմոկրատական ինստիտուտների վիճակի մասին» կարծիք արտահայտել, իսկ Ալիևն նրան ծաղրել է. «Ա՜, այդ դու՞ ես, որ կանացի զգեստով թաքնվել է օտարերկրյա դեսպանատանը, քեզ ողջություն եմ մաղթում»:
 
«Ազադլըգ» թերթի վտարանդի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը Մեհրիբան Ալիևայի «քեզ ողջություն եմ մաղթում» խոսքը գնահատել է որպես «անկախ լրագրողի դեմ հաշվեհարդարի սպառնալիք» և կանխատեսել, որ «մոտակա օրերին Մեհման և Էմին Հուսեյնով եղբայրները կենթարկվեն Ալիևի «մահվան էսկադրոնի» հարձակմանը»: Փետրվարի 18-ի ուշ երեկոյան Էմին Հուսեյնովը տեսանյութ է տարածել, թե «ինչպես է հետապնդում քիչ առաջ իր դեմ հարձակված մարդուն»: Հուսեյնովը նրան դիմում է ադրբեջաներեն. «Շուտով շվեյցարական ոստիկանությունը տեղում կլինի, դու փախչելու տեղ չունես»,- որից հետո տղամարդը կտրուկ անցնում է վազքի: Սոցիական ցանցերի ադրբեջանցի տասնյակ օգտատերեր համոզված են, որ եթե «մարդը հասկանում է ադրբեջաներեն իրեն ուղղված խոսքը և դիմում փախուստի, ուրեմն ադրբեջանցի» է:
 
Որքանո՞վ է հավաստի վտարանդի լրագրողի տեսանյութը, դժվար է գնահատել: Բացառված չէ, որ համացանցում տարածված տեսանյութը «բեմականացում» է: Այս առումով ուշագրավ կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը: Նա համոզված է, որ «Մյունխենում նախագահ Ալիևի և առաջին տիկին Ալիևայի դեմ սադրանքը կազմակերպել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները»: Իր տեսակետը նա հիմնավորում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի դեմ քրեական գործի նկատմամբ Մոսկվայի «անհանգստություններով»:
 
Նույն գործով կալանավորված է նաև Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Դատարանը հեռակա կալանքի որոշում է կայացրել նաև «Ազադլըգի» գլխավոր խմբագիր Զահիդովի նկատմամբ: Զուլֆուգարովը գտնում է, որ Մեհթիևի դատավարությունը «կվերածվի Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցության մահախոսականի»: Նա ենթադրում է, որ Մոսկվան «ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի ինքնիշխանության դեմ տասնամյակներ շարունակ ձեռնարկած խարդավանքները չբացահայտվեն»:
 
Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ ի՞նչ կապ ունի «արևմտամետի» համարում ունեցող ԱԺՃ-ն, Զուլֆուգարովը չի մանրամասնում: Մի շարք բաց աղբյուրներ, մինչդեռ, վաղուց հրապարակայնացրել են, որ այդ շարժումը 1989թ. աշնանը կազմավորվել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյի անմիջական հսկողության ներքո: ԱԺՃ-ն անուրանալի ներդրում ունի Ադրբեջանում Հեյդար Ալիևի իշխանության վերադառնալու գործում: Նույն աղբյուրները վստահեցնում են, որ Հեյդար Ալիև-ԱԺՃ կապն «ապահովել է Ռամիզ Մեհթիևը», ինչի դիմաց մոտ քառորդ դար զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավար և ԱԽ քարտուղարի պաշտոնը:
 
Մոսկվան Ալիևին դա՞ է հասկացնում: Բայց մի՞թե ռուս-ադրբեջանական լարվածությունն ինքը «քաղաքական բեմադրություն» չէ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը