Եթե Միջին Արևելքի պատերազմը ընդլայնվի, առաջին վտանգված տարածաշրջանը կլինի Հարավային Կովկասը․ Շահան Գանտահարյան
06-03-2026 19:28:50 | Լիբանան | Հարցազրույցներ
Միջին Արևելքի պատերազմի աշխարհագրության ընդլայնման հնարավորության մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
– Վերջին զարգացումների ֆոնին որքանո՞վ է իրական Միջին Արևելքի պատերազմի աշխարհագրության ընդլայնման վտանգը, և արդյո՞ք այն կարող է հասնել Հարավային Կովկաս։
– Նման վտանգը իրական է։ Եթե պատերազմական գործընթացների աշխարհագրությունը ընդլայնվի, առաջին հերթին կարող են ազդվել Հարավային Կովկասի սահմանները։ Այս փուլում նկատվում է ակտիվ քաղաքականություն, որի նպատակը Իրանի ներսում հասարակական պառակտումներ ստեղծելն է։ Փորձ է արվում երկիրը ներքուստ երկփեղկել՝ արտաքին հարվածների հետ զուգահեռ ներքին իրավիճակը դարձնելով պայթյունավտանգ։ Այդ ճանապարհով կարող են փորձել հասնել վարչակարգի փոփոխության կամ նույնիսկ երկրի մասնատման ծրագրերի իրականացման։
– Այս գործընթացում ի՞նչ դեր ունի քրդական գործոնը։
– Քրդական գործոնը կարող է դառնալ այդ քաղաքականության համար բավական նպաստավոր հարթակ։ Միացյալ Նահանգները բացահայտ կերպով հայտարարում են քրդերին աջակցելու իրենց ծրագրերի մասին։ Միևնույն ժամանակ շրջանառվում է նաև տեսակետ, ըստ որի Իսրայելի համապատասխան ծառայությունները տարիներ շարունակ աշխատել են Իրանի քրդական շրջաններում։
Այս համատեքստում նկատվում է նաև Թուրքիայի ակտիվացումը։ Անկարան փորձում է կանխարգելիչ դիրքավորում ունենալ՝ հաշվի առնելով իրանական Քրդստանի հնարավոր հեռանկարի հետ կապված վտանգները։ Որոշ վերլուծաբաններ նույնիսկ ենթադրում են, որ այդ քայլերը կարող են նաև ենթադրել Իրանի տարածք ներթափանցելու տարբեր սցենարներ։
– Թուրքիան արդյո՞ք միայն քրդական գործոնով է պայմանավորում իր քաղաքականությունը։
– Ոչ միայն։ Թուրքիան չի ցանկանում սրել հարաբերությունները Թեհրանի հետ։ Սակայն ակնհայտ է նաև, որ Իրանի թուլացումը տարածաշրջանում Անկարայի հաշվարկներով կարող է նշանակել Թուրքիայի ազդեցության ուժեղացում կամ Թեհրանի թողած դիրքերի լրացում։ Այդ պատճառով էլ Թուրքիայի հռետորաբանությունը համեմատաբար զուսպ է։ Այն քննադատական է Միացյալ Նահանգների հասցեին՝ պատերազմի սանձազերծման համար, և ավելի կոշտ՝ Իսրայելի նկատմամբ, որի հետ Անկարայի հարաբերությունները լարված էին նաև մինչ այս զարգացումները։
Թուրքիայի համար առավել ցանկալի սցենարը կարող է լինել տարածաշրջանում թուլացած, սակայն ներքին քաոսի մեջ չընկած Իրան ունենալը՝ հաշվի առնելով իրանական Քրդստանի ստեղծման հնարավոր վտանգը։
– Իսկ ինչպե՞ս է այս համատեքստում դիտարկվում Ադրբեջանի դերը։
– Այստեղ կարևոր է նաև Ադրբեջանի զգայուն դիրքը և Թուրքիայի ազդեցությունը նրա վրա։ Նախիջևանի օդակայանի հրթիռակոծությունը որոշ չափով բացահայտեց այդ բարդ հարաբերությունների բնույթը։ Թուրքիան, առանց կոնկրետ հասցեատեր նշելու, դատապարտեց այդ գործողությունը, մինչդեռ Բաքուն ակնարկեց Իրանի հնարավոր մասնակցությունը։ Թեհրանը կտրականապես հերքեց այդ մեղադրանքները։
Ակնհայտ է, որ ինչ-որ ուժ փորձել է խառնել խաղաթղթերը և ստեղծել Իրանի դեմ նոր ճակատ։ Տեսականորեն նման զարգացումը կարող է բխել նաև Իսրայելի շահերից։
– Այս իրավիճակում ի՞նչ տեղ ունի Հայաստանը։
– Պետք է հիշել, որ Միացյալ Նահանգների խոշոր դեսպանատներից մեկը գտնվում է Երևանում։ Սակայն Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմական բազաներ չկան։ Իրանը մինչ այժմ հարվածել է միայն այն տարածքներին, որոնք օգտագործվում են որպես ամերիկյան ռազմական հարթակներ՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։
Այնուամենայնիվ կան այլ հանգամանքներ։ Արցախյան պատերազմի ընթացքում Իսրայելը ակտիվորեն ներգրավված էր Թուրքիայի կողքին։ Արցախի նախկին ազատագրված տարածքներում եղել են իսրայելական հենակետեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում ենթարկվել են իրանական սպառնալիքների։ Տասներկուօրյա պատերազմի օրերին տեղեկություններ տարածվեցին, որ Իսրայելը Բաքվի ցուցումներով հեռացրել է իր ուժերը այդ տարածքներից՝ հաշվի առնելով իրանական սպառնալիքները։
Միևնույն ժամանակ Սյունիքում կա ամերիկյան նախագիծ՝ Հայաստան–Իրան սահմանին։ Եթե «Թրամփի ուղին» ռազմական բնույթ ստանար, այն կարող էր վերածվել պատերազմող կողմերի բախման կետի։ Այս լարված օրերին Իրանի դեսպանը Երևանում շարունակում է ընդգծել, որ Իրանը ամուր աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
– Իսկ Իրանի ներսում ազերի բնակչությունը կարո՞ղ է գործոն դառնալ այս քաղաքականության մեջ։
– Տեսականորեն Միացյալ Նահանգների համար Իրանի հասարակությունը վարչակարգի դեմ դուրս բերելու կարևոր գործոն կարող է լինել ազերի ծագում ունեցող բնակչությունը։ Սակայն ներկայում առաջնային ուշադրությունը, կարծես, ուղղված է Իրանի քրդական շրջաններին։
Ազերի բնակչության գործոնի օգտագործումը կարող է ավելի բարդ լինել, քանի որ այդ համայնքում բավական ուժեղ է իրանական պետական պատկանելիության գիտակցությունը։ Այնուամենայնիվ նման սցենարների դեպքում Ադրբեջանին կարող է որոշակի դեր հատկացվել։
– Այս բոլոր զարգացումները ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանի համար։
– Նման զարգացումները կարող են լուրջ և նույնիսկ ճակատագրական հետևանքներ ունենալ ոչ միայն Միջին Արևելքի, այլև այլ տարածաշրջանների համար։ Սակայն առայժմ կան նաև զսպող գործոններ, որոնք կարող են կանխել հակամարտության աշխարհագրական ընդլայնումը։