Սևանա լճում իրականացվել են այս տարվա առաջին նմուշառումները
09-03-2026 18:26:59 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները Սևանա լճում մեկնարկել են ջրի որակի մոնիթորինգի 2026 թվականի առաջին դաշտային աշխատանքները։
Մեծ Սևանի երկու և Փոքր Սևանի մեկ դիտակետերում, տարբեր խորությունների շերտերից, վերցվել են ջրի նմուշներ՝ հետագա լաբորատոր փորձարկումների համար:
Տեղում իրականացվել են նաև ջրի ջերմաստիճանի, թափանցիկության, քլորոֆիլ α-ի, լուծված թթվածնի, ջրի թթվայնության (pH) և ընդհանուր լուծված աղերի չափումներ։
Լաբորատոր փորձարկումների արդյունքում ստացվող տվյալները (ավելի քան 50 ֆիզիկաքիմիական ցուցանիշ) հնարավորություն են տալիս գնահատել Սևանա լճի ջրի որակը և հետևել դրա փոփոխություններին ժամանակի ընթացքում։
Սևանա լճի հիդրոկենսաբանական մոնիթորինգն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից։ Այդ նպատակով Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մասնագետները համատեղ իրականացնում են նմուշառումներ՝ լճի էկոլոգիական վիճակի գնահատման համար։
Սևանա լճի որակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան գերատեսչություններին՝ աջակցելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանության գործընթացներին։