Պատերազմի ավարտը դեռ մեծ հարցական է Միջին Արևելքում. Շահան Գանտահարյան
16-03-2026 12:17:52 | Լիբանան | Հարցազրույցներ
Տարածաշրջանային պատերազմի ավարտի սցենարների մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ
-Այս օրերին շատ է խոսվում Միջին Արևելքում ընթացող պատերազմի հնարավոր ավարտի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
-Մեծ հարցական է Միջին Արևելքի պատերազմի տևողությունը կամ ավարտը։ Վերջին օրերին պատերազմը ավելի լայն տարածում է ստանում և երկկողմանիորեն ավելի է սաստկանում։ Նման իրավիճակ է նաև Լիբանանում, որտեղ Իսրայելը սաստկացրել է իր հրթիռակոծությունները։
- Պատերազմի ավարտի վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչում։ Ի՞նչ հակասություններ եք տեսնում դրանց մեջ։
- Տևողության առումով կան հակասական դիրքորոշումներ, որոնք ավելի են մեծացնում անորոշությունը պատերազմի ելքի վերաբերյալ։ Միացյալ Նահանգների նախագահը խոսում էր պատերազմի մոտալուտ ավարտի մասին՝ միաժամանակ հայտարարելով, որ հաջողվել է չեզոքացնել Իրանի ռազմական կարողությունների հիմնական մասը։ Սակայն այս երկրորդ հայտարարությունն ավելի շատ հուշում է պատերազմի կասեցման «արժանապատիվ ելքի» փորձի մասին, քան իրական իրավիճակի։
Հակասությունն այն է, որ պաշտպանության նախարարը ռազմական գործողությունների հնարավոր դադարեցման մասին չի խոսում և որևէ ժամկետ չի նշում։ Ընդհակառակը՝ նա ընդգծում է, որ առաջադրանքները պետք է իրականացվեն անորոշ ժամանակով՝ հավելելով, որ գործողությունների ավարտի ժամկետը որոշում է նախագահը։
- Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել «մոտալուտ ավարտի» մասին խոսույթը։
- «Մոտալուտ ավարտի» գաղափարը տարբեր վերլուծությունների հիմք է տալիս։ Այս ամենում զգացվում է Վաշինգտոնի հաշվարկների որոշակի տարակուսելիություն։ Եթե նայենք իրադարձությունների զարգացմանը, ապա կհիշենք, որ մինչ այս մեծ բախումը իրականացվում էր Իրանի արտասահմանյան հենակետերի չեզոքացման գործողությունների շարք՝ Լիբանանից մինչև Սիրիա, Գազայից մինչև Եմեն։
Դրան հաջորդեցին նաև Իրանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները՝ զանգվածային ցույցերով և անկայունության տպավորություն ստեղծող իրավիճակով։
- Որոշ վերլուծաբաններ խոսում են «Վենեսուելա-2» սցենարի մասին։ Ի՞նչ նկատի ունեն։
-Հնարավոր է, որ արտաքին և ներքին մարտահրավերները կուտակելուց հետո Միացյալ Նահանգները ծրագրել էին մի գործողություն, որը պայմանականորեն կարելի է կոչել «Վենեսուելա-2»։ Սակայն Իրանի հոգևոր առաջնորդի առաջին օրերին չեզոքացումը չստեղծեց այն իրավիճակը, ինչպիսին եղավ Վենեսուելայում Մադուրոյի դեմ իրականացված գործողություններից հետո։
Կարծես ակնկալիք կար, որ Իրանի ժողովուրդը կբարձրանա ապստամբության և կկատարի իշխանափոխություն։ Սակայն դա տեղի չունեցավ։ Այս սցենարի ձախողության պատճառները կարող են տարբեր լինել և դեռ ուսումնասիրության կարիք ունեն։
-Արդյոք ներքին էթնիկական գործոնները կարող էին դեր խաղալ այս գործընթացում։
- Այդ ուղղությամբ ևս կարելի է ավելի խորքային վերլուծություն անել՝ հիշելով Վաշինգտոնի բազմաթիվ կոչերն ու հայտարարությունները Իրանում քրդերին զինելու և իշխանությունների դեմ հանելու մասին։ Սակայն էթնիկական գործոնը չկատարեց այն դերը, որից ակնկալիքներ կային։ «Վենեսուելա-2» ծրագիրը, առնվազն առայժմ, իրականություն չդարձավ։
Միևնույն ժամանակ Թեհրանը շարունակում է դիմադրել և հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայաններին և նույնիսկ ամերիկյան ռազմական օդանավերին։
-Ի՞նչ պահանջներ է ներկայացնում Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ։
-Այս համատեքստում պետք է ընկալել նաև Թեհրանի պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ հենց Իրանը պետք է որոշի պատերազմի ավարտի ժամկետը։ Իրանը ընդգծում է երեք հիմնական պահանջ՝
երաշխիքներ՝ նոր ագրեսիան կանխելու համար, պատճառված վնասների փոխհատուցում, լիակատար ազատություն՝ իր միջուկային ծրագրերը իրականացնելու համար։
- Այդ դեպքում ինչո՞ւ է հնչում «մոտալուտ ավարտի» մասին հայտարարությունը։
-Հավանաբար դա փորձ է գտնել ելք՝ կասեցնելու պատերազմի ահռելի ֆինանսական ծախսերը։ Ամերիկյան գործող վարչակազմի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունն ընդհանուր առմամբ տնտեսական բնույթ ունի և կապված է պետական բյուջեի վերականգնման առաջադրանքի հետ։
Այս տրամաբանությամբ կարելի է բացատրել նաև «պատերազմը հաղթեցինք» հայտարարությունները, որոնք կարող են լինել բանակցությունների սեղան վերադառնալու նախապատրաստություն։
- Եթե բանակցություններ սկսվեն, ի՞նչ նոր օրակարգ կարող է ձևավորվել։
- Հավանաբար օրակարգը արդեն փոխված կլինի։ Իրանը կպահանջի պատժամիջոցների ամբողջական վերացում և միջուկային գործունեության նոր կանոնների հստակեցում։ Իսկ Վաշինգտոնը կարող է փորձել վերահսկողություն ստանալ Իրանի կողմից վերահսկվող տնտեսական ուղիների և էներգետիկ համակարգի որոշ հատվածների նկատմամբ՝ գերշահույթներ ապահովելու նպատակով։ Սա նաև կարող է կապ ունենալ պատերազմի ծախսերը վերականգնելու մտադրության հետ։
- Ի՞նչ արձագանք կարող է լինել տարածաշրջանում, հատկապես Իսրայելում։
- Այս գործընթացից առաջին դժգոհողներից մեկը կարող է լինել Իսրայելը։ Չի բացառվում, որ «մոտալուտ ավարտի» մասին խոսակցությունների պայմաններում Թել Ավիվը մինչև բարձր մակարդակներում հնարավոր զինադադարի համաձայնության հասնելը փորձի առավելագույնս առաջ մղել իր վաղեմի ծրագիրը` հարավում անվտանգության գոտու ստեղծումը։