Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան


 

Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան

  • 16-03-2026 13:26:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև խմբակցությունում, այս մասին այսօր Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում հայտարարել է նախարար Սրբուհ Գալյանը:
 
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն արդեն պատրաստ է, ինչպես և խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խմբակցությունում:
 
Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,-ասաց նախարարը:
 
Նոր Մայր օրենք ունենալու գլխավոր ինտրիգը գործող Սահմանադրության նախաբանում հղումն է Անկախության հռչակագրին:
 
Այն հանելուն մոտ մեկ տարի առաջ կողմ է արտահայտվել վարչապետը: Օրերս վերահաստատեց իր դիրքորոշումը. «Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ասեմ՝ ինչու, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- հայտարարել է վարչապետը:
 
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ մնացած նախապայմանն է։ Այդ փաստաթուղթը, ըստ Ադրբեջանի, տարածքային պահանջ է պարունակում իր նկատմամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը