ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
16-03-2026 15:32:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մարտի 12-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Արամ Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը, որը աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման և կարողությունների ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունի։ Անդրադառնալով գործընկերության ընդլայնման ուղղություններին՝ Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները։
Քննարկվել են փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների վերազինման, աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ամրապնդման, վաղ ազդարարման համակարգերի արդիականացման և օրենսդրական դաշտի լավարկման վերաբերյալ հարցեր։
Պատվիրակության ղեկավար Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում նշել է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտը ՄԱԶԾ-ի գործունեության առանցքային ուղղություններից է, որի շրջանակում կառույցը սերտ համագործակցում է ՆԳՆ Փրկարար ծառայության հետ։
Նա նշել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվել են համայնքների կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր․ շուրջ 300 համայնք ներգրավվել է աղետներին դիմակայունության կարողությունների ամրապնդման նախաձեռնություններում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ։