Սեւանա լճի ափին հանրային լողափերի տարածքներն արդեն ընտրվել են


Սեւանա լճի ափին հանրային լողափերի տարածքներն արդեն ընտրվել են

  • 05-04-2011 13:38:24   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն ապրիլի 5-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ եղավ Սեւանա լճի ափամերձ այն հատվածներում, որոնք ընտրվել են հանրային լողափերի համար: Այդ նպատակով կօգտագործվեն Լճաշեն համայնքին հարակից 1,72 հեկտար տարածքը, Սեւանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտարը եւ 1,54 հեկտար` թերակղզու հատվածում: Բոլոր երեք լողափերի տարածքները գտնվում են 1905մ նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը եւ սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր: Ա.Գեւորգյանը կարեւորեց բնակչության հանգստի պատշաճ կազմակերպման համար լողափերում անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հաշվի առնելով նաեւ սանիտարական, անվտանգության ապահովման խնդիրները: Նա մարզպետին հանձնարարեց առողջապահության նախարարի հետ քննարկել լողափերում բուժօգնության կազմակերպման հարցը: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ լողափերը նախատեսված ժամկետներում շահագործելու համար: Հաշվի առնելով, որ հանրային լողափերի համար ընտրվել են մայրաքաղաքին համեմատաբար մոտ հատվածները, հանձնարարվեց նաեւ քննարկել լճի ափամերձ այլ հատվածներում նմանատիպ լողափերի կազմակերպման հնարավորությունը եւ ներկայացնել առաջարկություններ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում կառավարությանը կներկայացնի նշված երեք տարածքների բարեկարգման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պահանջվող ֆինանսական միջոցների նախահաշիվը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն