ՀՀ Կառավարությունը քննարկում է գազի սակագների բարձրացման<br /> հետեւանքները մեղմելու տարբերակներ<br />


ՀՀ Կառավարությունը քննարկում է գազի սակագների բարձրացման
հետեւանքները մեղմելու տարբերակներ

  • 17-03-2010 20:14:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆինանսների նախարարի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է գազի սակագների բարձրացման պարագայում բնակչության առավել խոցելի խավերին ֆինանսական օժանդակություն ցույց տալու հնարավորությունը: Այս մասին մարտի 17-ի Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք քաջ գիտակցում ենք, որ աղքատության հիմնախնդիր ունեցող Հայաստանի Հանրապետության առաջնային նշանակություն ունեցող հարց է` պաշտպանել սոցիալապես անապահով խավերին եւ մեր կառավարության ծրագրում էլ համապատասխան դրույթներ կան: Ավելին, նաեւ մեր հակաճգնաժամային ծրագրի հիմնարար սկզբունքներից մեկը կայանում էր նրանում, որ մենք ոչ մի սոցիալական ծրագիր չենք կրճատելու, սոցիալական ծրագրերը կատարելու ենք ամբողջ ծավալով եւ 2010թ. հայթայթելու ենք լրացուցիչ միջոցներ` ուղղելու սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասաց նա: Վարչապետն ընդգծեց, որ ինքը կողմնակից չէ եկամուտների ինդեքսացիայի օրենսդրական կարգավորմանը: Ըստ նրա, ինդեքսացիայի մեխանիզմները կիրառվում են այն երկրներում, որոնք ունենում ենք 10 տոկոսանոց եւ ավելի գնաճ: «Ես կողմնակից եմ այն քաղաքականությանը, որ մենք ջանքեր գործադրենք գնաճի ցուցանիշը նվազեցնելու համար: Ինդեքսացիայի մեխանիզմը ինքն իր մեջ պարունակում է գնաճի խթանման մեխանիզմ եւ համապատասխան ազդակներ է ուղարկում հասարակությանը»,- ասաց նա: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը «Զվարթնոց» օդանավակայանի մերձակա տարածքում ազատ առեւտրի գոտու ստեղծման ծրագրի կապակցությամբ նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է արտահանման ուղղվածության ճյուղերի` սննդարդյունաբերության, գյուղատնտեսության առանձին ապրանքատեսակների համար արտահանման խթանման մեխանիզմների եւ արտահանման խթանումը: Ներկայումս աշխատանքները ժանակացույցով ընթանում են եւ ըստ ֆինանսների նախարարի, «մինչեւ հաջորդ տարի ռեալ արդյունքը կարող ենք տեսնել»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն