Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
01-04-2026 14:59:40 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի թիմակիցները փորձում են համոզել, թե իրենք նախկին իշխանությունների հետ կապ չունեն՝ չնայած այն հանգամանքին, որ Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Մարտի 31-ին ներկայացրել էինք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ կապակցված շուրջ 50 անուն, որոնք այսօր աջակցում են Սամվել Կարապետյանին:
Այս անգամ «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի հետ աֆիլացված անձանց անուններ, որոնք նույնպես աջակցում են Կարապետյաններին:
Այսպիսով՝
Արամ Վարդևանյան. «Հայաստան» դաշինքի նախկին անդամ է, ՀՀ ԱԺ համանուն խմբակցության նախկին պատգամավոր, իսկ ներկայումս «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է, Սամվել Կարապետյանի փաստաբանը:
Հայկ Ավագյան. 2021 թվականի ընտրություններին աջակցել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2023 թվականին՝ «Սրբազան պայքար» շարժմանը, ներկայումս «Ուժեղ Հայաստան» կուսակցության երևանյան գրասենյակներից մեկի ղեկավարն է:
Հովհաննես Հովհաննիսյան. նախկին դաշնակցական է, եղել է Արագածոտնի դաշնակցական նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանի օգնականը, իսկ ներկայումս աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Հովհաննես Հովհաննիսյանի հայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը, Դաշնակցության նախկին անդամ, եղել է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի ղեկավարը, իսկ ներկայումս աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Հովիկ Մուրադյան. նախկինում սատարել է «Հայաստան» դաշինքին, եղել է ՀԷՑ ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի նախկին տնօրենը, այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքային գրասենյակի համակարգողն է:
Արամայիս Մուրադյան. նախկինում սատարել է «Հայաստան» դաշինքին, այժմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Միասնական սոցիալական ծառայության» Վարդենիսի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրի բաժնի սոցիալական աշխատակից է և աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Արսեն Միկոյան. նախկին դաշնակցական է, ներկայումս «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի տարածքային կառույցի ղեկավարն է։ Մեր տեղեկություններով՝ նա ունի շփումների լայն շրջանակ տարածաշրջանի ազգաբնակչության հետ:
Կարեն Արշակյան. նախկին դաշնակցական է, եղել է Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը, ինչպես նաև Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը, այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Նաիրի Մարտիրոսյան. եղել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական ղեկավարը: Նա անդամակցել է «Հայաստան» դաշինքին և ներկայումս աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վայոց ձորի ԳԳՄ-ում, հարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ կապակցված շուրջ 50 անուններին, որոնք այսօր աջակցում են Սամվել Կարապետյանին, կարող եք ծանոթանալ այստեղ: