01-04-2026 15:21:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 2-ին Աուտիզմի ազգային հիմնադրամը՝ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպության հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ համաֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում, «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Գյուրջյան 29/1) կանցկացնի իր ամենամյա, հասարակական նշանակություն ունեցող միջոցառումը։
Միջոցառումը կկրի «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։
Միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանում աուտիզմի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ընդգծել աուտիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ ըմբռնման, ընդունման և շարունակական աջակցության կարևորությունը։
Ծրագրում՝
Ինկլյուզիվ համերգ, որը կկազմակերպվի ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպության կողմից՝ հայտնի երաժիշտների և «Իմ Ուղին» կենտրոնի շահառուների համատեղ մասնակցությամբ։ Համերգը կնպաստի խոցելի խմբերի նկատմամբ իրազեկվածության բարձրացմանը, հանդուրժողականության և գնահատման մշակույթի ձևավորմանը՝ դարձնելով արվեստը հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։
«Տերյան մշակութային կենտրոն»-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է՝ աշխատում են հատուկ հմտություններ ունեցող երեխաների հետ։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն մեր ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքները՝ որպես համատեղ աշխատանքի արդյունք։
Մենթորների, ծնողների և երեխաների միասնական ու նվիրումով իրականացված աշխատանքը տվել է իր գեղեցիկ պտուղները։