Խոջալուի բնակիչների եւ այնտեղ պահվող հայ պատանդների մահվան<br /> մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը,- հայտարարում է ԼՂՀ-ի<br /> Արտգործնախարարությունը<br />


Խոջալուի բնակիչների եւ այնտեղ պահվող հայ պատանդների մահվան
մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը,- հայտարարում է ԼՂՀ-ի
Արտգործնախարարությունը

  • 25-02-2010 20:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ վաղուց արդեն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությունը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել: Այս մասին նշված է Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայության փետրվարի 25-ի հայտարարությունում, որում այնուհետեւ ասված է. «Պաշտոնական Բաքվի զրպարտությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով: Ղարաբաղի բնակչության համար կենսականորեն կարեւոր խնդիր կատարելով, Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ` ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով: Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից երեք կիլոմետր եւ Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ: «Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ «միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին»,- գրել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն 1992թ. ապրիլի 2-ին: «Օգոնյոկ» ամսագիրն իր հերթին (N14-15, 1992թ.) նշում է, որ «Խոջալուի վրա կատարված հարձակումը հանկարծակի չի եղել»: Այս ռազմական գործողությունների որոշ մանրամասնություններ առայսօր պատված են մշուշով, ինչն ակտիվորեն չարաշահում է Ադրբեջանի քարոզչամեքենան` դիմելով տարաբնույթ խեղաթյուրումների, կեղծիքների եւ բացահայտ ստի: Անցած տարի ԼՂՀ ԱԳՆ-ն հասարակայնության ուշադրությունն է հրավիրել մի կեղծ լուսանկարի վրա` տեղադրված մի շարք ադրբեջանական կայքերում, այդ թվում նաեւ կեղծ գաղափարներ ծնող «Հեյդար Ալիեւի Հիմնադրամ»-ի կայքէջում (www.azerbaijan.az): Իրականում լուսանկարը անմիջական կապ է ունեցել Կոսովոյի իրադարձությունների հետ եւ հենց որպես այդպիսին` այն բազմաթիվ այլ լուսանկարների հետ միասին տեղադրված է եղել մեկ հատուկ գերմանական եւ սերբական ու ալբանական ֆորումներում, Նյու-Յորք թայմս հեղինակավոր հրատարակչության կայքէջում եւ այլն: Ընթացիկ տարում նշված կեղծիքին ավելացել են նորերը: Այսպիսով, փետրվարի 24-ին Երեւանում կայացած www.xocali.net նախագծի շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է ադրբեջանական կողմից օգտագործվող մոտ 20 կեղծ ֆոտոնյութ, մասնավորապես, Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի, Սրեբրենիցայի կոտորածների զոհերի լուսանկարներ եւ այլն: Բացի այդ, Աղդամի ողբերգության զոհերի ցուցակներում աղաղակող կեղծարարություններ են հայտնաբերվել, որոնք ներկայացվում են ադրբեջանական դեսպանատների, նախագահական գրադարանների եւ այլ պաշտոնական կառույցների կողմից: Կայքում ներկայացված են նաեւ թուրք-մեսխեթների հարցաքննությունների մասին տեսանյութեր, որոնց համաձայն` չնայած Խոջալուն գրոհելու մասին հայկական կողմի նախազգուշացումներին, ադրբեջանցի զինվորականներն արգելել են ադրբեջանական իշխանությունների կողմից արհեստականորեն բնակեցված թուրք-մեսխեթների ընտանիքներին տարհանվել: Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդեպ դավաճանությունը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրեւ Սումգայիթի արյունալի վաքխանալիայի համար հայերի վրեժխնդրություն: Սակայն Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների եւ լրագրողների արտահայտություններն ու գնահատականները ամբողջությամբ հերքում են պաշտոնական Բաքվի կեղծ դրույթները: Այսպես, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է. «Քաղաքը եւ նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակի համար» (ադրբեջանական «Զերկալո» թերթ, 1992թ. հուլիս): Թամերլան Կարաեւը, ով ժամանակին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր (այժմ Հնդկաստանում ԱՀ դեսպան), վկայում է. «Ողբերգությունը իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները», կոնկրետ` «վերեւում նստածներից ինչ-որ մեկը» (ադրբեջանական «Մուխալիֆատ» թերթ, 28 ապրիլի, 1992թ.): Հեյդար Ալիեւն ինքը խոստովանել է, որ Խոջալուի իրադարձություններում «մեղավոր է նաեւ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը»: Դեռեւս 1992թ. ապրիլին, Բիլիկ-Դունյասը գործակալության հաղորդագրության համաձայն, նա ահավոր ցինիկ մի միտք է արտահայտել. «Արյունահեղությունը մեզ օգուտ կբերի: Դեպքերի ընթացքին խառնվելու հարկ չկա»: Արդյո՞ք Ադրբեջանի «հայրը» այս խոսքերի համար պատասխանատվություն է կրել: Չեխ լրագրող Յանա Մազալովան, ադրբեջանցիների անուշադրության պատճառով հայտնվելով մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցույց էին տալիս «հայերի կողմից պղծված դիակները», էական տարբերություն է նկատել վերջիններիս վիճակում: Դեպքերից անմիջապես հետո լինելով դաշտում` Մազալովան դիակների վրա վայրագության որեւէ հետք չի տեսել: Սակայն մի քանի օր անց լրագրողներին ներկայացրել են արդեն նկարահանումների համար «նախապատրաստված» այլանդակված մարմիններ: Ռուսական «Մեգապոլիս-էքսպրես» թերթը գրել է. «Չի կարելի չընդունել, որ եթե Ադրբեջանի Ժողովրդական ճակատը հեռուն գնացող նպատակներ էր հետապնդել` հասել է դրանց: Մութալիբովը վարկաբեկված ու տապալված է, համաշխարհային հասարակական կարծիքը ցնցված է, ադրբեջանցիներն ու նրանց եղբայրական թուրքերը հավատացել են «Խոջալուում ադրբեջանական ժողովրդի այսպես կոչված ցեղասպանությանը»: Ինչպես հայտնի է, դեռեւս փետրվարի 26-ին Խոջալուում պահվում էր 47 հայ-պատանդ, ինչի մասին ադրբեջանական ԶԼՄ-ները գիտակցաբար լռում են: Խոջալուի ազատագրումից հետո նրանցից մնացել էր միայն 13-ը (որոնցից վեցը` կանայք, մեկը` երեխա), մնացած 34-ին ադրբեջանցիները տարել են անհայտ ուղղությամբ: Առայսօր ոչ մի տեղեկություն չկա նրանց հետագա ճակատագրի մասին: Հայտնի է միայն մեկ բան` նրանց գյուղից հեռացրել են ռազմական գործողության գիշերը, սակայն Աղդամ նրանք չեն մտել: Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին տպավորություն ստեղծել, թե հայերն են պղծել դիակները, առաջին հերթին այլանդակել են հենց հայ պատանդների մարմինները, որպեսզի դրանց ինքնությունը հնարավոր չլինի պարզել: Հենց այդ նպատակով էլ շատ դիակների վրայից հանվել է վերնազգեստը, հենց այդ պատճառով էլ զոհերի մարմիններն անարգանքների են ենթարկվել` դրանք անճանաչելիության աստիճանի հասցնելով: Ելնելով վերոնշյալ փաստերից, համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւ այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով եւ իշխանության հասնելու համար: Ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» միֆ է, որը ստեղծվել է դեռեւս Հեյդար Ալիեւի կողմից եւ որը պաշտպանել է գահաժառանգ Ալիեւ-կրտսերը` միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաեւ հայ խաղաղ բնակչության եւ սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական եւ այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով»:
Նոյյան տապան  -   Քաղաքական