Փաստ է՝ գոյություն ունեն իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը. Գալյան


 

Փաստ է՝ գոյություն ունեն իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը. Գալյան

  • 10-06-2026 13:21:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Այն, որ այսօր մեր իրականության մեջ գոյություն ունեն այնպիսի իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը, փաստ է, և դրա մասին մենք, կարելի է ասել, վերջերս ամեն օր լսում ենք՝ հատկապես պայմանավորված վերջին ընտրական պրոցեսով: Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
 
«Ես կարծում եմ, որ դրա համար օրենսդրական բավարար շեմ կամ բազա կա, և իրավապահ մարմինները այդ առումով նաև բավական մեծ աշխատանք են տանում և տարել: Կարծում եմ՝ առաջիկայում այդ աշխատանքները շատ ավելի ինտենսիվ պետք է շարունակվեն»,- ասաց Գալյանը:
 
Ինչ վերաբերում է արդարադատության նախարարության մանդատին ու լիազորություններին՝ նշեց՝ մտածում են ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա ապագայում հնարավոր կլինի կուսակցությանը զրկել, օրինակ՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:
 
«Եթե լինի կոնսենսուս, ապա մենք հենց Սահմանադրության նախագծով դա կսահմանենք, այսինքն՝ եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ է տվել ակնհայտ խախտումներ և նաև խախտումներ, որոնք կարող են կապված լինել ենթադրյալ հանցագործությունների հետ, կամ կապված են ենթադրյալ հանցագործությունների հետ, ապա պետք է նաև մենք ունենանք սահմանադրական հիմքեր, որպեսզի այդ կուսակցությունները հնարավորություն չունենան մասնակցել ընտրական պրոցեսներին: Սա քայլ է, որը մենք պետք է կատարենք՝ նաև հաշվի առնելով այն փորձը, որին բոլորս ականատես եղանք»,- ասաց արդարադատության նախարարը:
 
Նրա խոսքով՝ այս մասով ունեն նաև հանրային պահանջ՝ քաղաքացիների կողմից ուղղված իրենց:
 
 
Հեղինակ`Կարմեն Ղուկասյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը