Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին


 

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին

  • 10-06-2026 15:28:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների առթիվ։
 
Կուսակցության հրապարակած շնորհավորանքի տեքստում ասվում է.
 
«Հակառակ աննախադեպ և բացահայտ արտաքին միջամտության, ինչպես նաև ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից լայնածավալ ընտրակաշառքի և այլ անթույլատրելի միջոցների կիրառման՝ Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից, հարևանների հետ խաղաղ գոյակցությունը հարատև թշնամությունից և տնտեսական բազմազանությունը մեկ շուկայից կախվածությունից։
 
Այս առիթով շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը այս վճռորոշ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։
 
Միաժամանակ ցանկանում ենք արձանագրել, որ վարչապետին ու նրա թիմին ևս մեկ անգամ վստահելով երկրի կառավարման ղեկը՝ Հայաստանի քաղաքացին վերահաստատում է այն իրողությունը, որ հայրենիքը գտնվում է ճիշտ ուղու վրա և ակնկալում է խաղաղության գործընթացի շարունակություն, Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական ու տնտեսական հարաբերությունների խորացում, ինչպես նաև բնակչության բարօրության և կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործում։ Եթե 2021 թվականի ընտրությունների ժամանակ հայրենիքի գլխին Դամոկլյան թրի պես կախված էր գոյութենական վտանգը, ապա այսօր երկիրն ու տարածաշրջանը համրաքայլ մտնում են խաղաղության և տնտեսական համագործակցության նոր դարաշրջան, որտեղ Հայաստանին վերապահված է կարևոր դերակատարություն։ Սակայն վերջինս պահանջում է խելամիտ և կշռադատված որոշումներ թե՛ գործադիր իշխանության, թե՛ Ազգային ժողովի կողմից։ Հետևաբար լիահույս ենք, որ թեժ ընտրապայքարի արդյունքում ձևավորված նոր Ազգային ժողովը ձեռնամուխ կլինի արդյունավետ օրենսդրական աշխատանքի, որտեղ փոխանակ նախկինի նման անտեղի հետապնդելու իշխանափոխության ամուլ նպատակը ընդդիմությունը ևս կունենա իր կարևոր ներդրումը»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն