Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը


 

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

  • 22-06-2026 12:41:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հեղինակավոր բրիտանական The Guardian պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին՝ այն վերնագրելով «Հայ մեծահարուստն ունի մասնավոր գազանանոց. այժմ ցանկանում է կառուցել Հիսուսի՝ աշխարհի ամենամեծ արձանը»։
 
Հոդվածում անդրադարձ է կատարվել Ծառուկյանի անցյալին, քաղաքական ձախողումներին ու վերջին քրեական գործերին, ինչպես նաև՝  Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանին ու այդ արձանով պայմանավորված նպատակներին:
 
Հոդվածագիրը նկարագրել է Ծառուկյանի առանձնատունը՝ մասնավոր կենդանաբանական այգով, առյուծներով, վագրերով ու իր իսկ կողմից սպանված վայրի կենդանիների խրտվիլակներով:
 
«Իր մասնավոր կենդանաբանական այգով, մարմարե առանձնատներով և շքեղ մեքենաների հավաքածուով նա կարող է թվալ հետխորհրդային բում հիշեցնող տարիների հիշողություն, երբ կարողությունները կուտակվում էին գլխապտույտ արագությամբ և ցուցադրվում՝ առանց նրբանկատության մասին որևէ մտահոգության»,- ասվում է հոդվածում:
 
Նախաբանի մի պարբերությունում անդրադառնալով վերջին ընտրություններին, հոդվածագիրը հիմնականում ներկայացրել է Հիսուսի արձանի նախաձեռնությունն ու Ծառուկյանի պատկերացումները:
 
«Այս ամսվա խորհրդարանական ընտրություններում ստանալով ձայների 4%-ից էլ պակաս քվե, Ծառուկյանը քիչ հնարավորություն ունի երբևէ ղեկավարելու Հայաստանը, սակայն Հայաստանի ամենահարուստ և ամենաառեղծվածային մարդկանցից մեկը շարունակում է վճռականորեն տրամադրված լինել իր հետքը թողնելու երկրի վրա։
 
Նրա ընտրած Հիսուս Քրիստոսի հուշարձանը աշխարհի ամենաբարձր արձանն է լինելու, այն կանգնեցվում է Երևանին նայող 2500 մետր (8200 ոտնաչափ) բարձրությամբ սարի գագաթին:
 
Հայ Առաքելական եկեղեցին բազմիցս դեմ է արտահայտվել նախագծին՝ պնդելով, որ դրա մասշտաբները և ոճը չեն համընկնում Հայաստանի կրոնական և ճարտարապետական ավանդույթների հետ։
 
Առաջարկը նաև քննադատության է արժանացել բնապահպանների կողմից, ովքեր զգուշացնում են, որ շինարարությունը կարող է երկարատև վնաս հասցնել Հատիսի բնական լանդշաֆտին։
 
Ծառուկյանը անտեսել է հոգևորականության և ակտիվիստների առարկությունները՝ պնդելով, որ ինքը լավ հարաբերություններ ունի Հայ Առաքելական եկեղեցու հետ և մատնանշելով այն ութ եկեղեցիները, որոնք, ըստ նրա, ֆինանսավորել է և կանգնեցրել ամբողջ երկրում»,- ասվում է հրապարակման մեջ:
 
Արձանը հոդվածում նշված է որպես «անճաշակություն» և վնաս բնությանը:
 
«Թեև Ծառուկյանն այն համարում է Հայաստանի նոր բրենդը, տեղացիներից ոմանք այն այլ կերպ են տեսնում»,- նշում է Guardian-ը:
 
Քրիստոսի արձանի ավարտից հետո 101 մետր (331 ոտնաչափ) բարձրությամբ արձանը կկանգնեցվի Հատիս լեռան գագաթին՝ Երևանից մոտ 25 կմ (15.5 մղոն) արևելք, ինչը տեսանելի կլինի Հայաստանի մայրաքաղաքի մեծ մասից: Ծառուկյանը ակնհայտ գոհունակությամբ նշեց, որ այն կգերազանցի Բրազիլիայի խորհրդանշական Քրիստոս Փրկչին և մի փոքր ավելի բարձր կլինի, քան Նյու Յորքի Ազատության արձանը։
 
«Մենք աշխարհի ամենահին քրիստոնեական ազգն ենք: Տրամաբանական է, որ մենք ունենանք աշխարհի ամենամեծ Հիսուսի արձանը»,- ասել է Ծառուկյանը:
 
Պարբերականը նաև գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս Ծառուկյանին ներկայացրել է որպես «երկրի կոռումպացված հին կարգերի խորհրդանիշ»: Ավելին, ըստ հոդվածի, Փաշինյանը երբեմն վեր է հանում նրա խորհրդային անցյալի մութ դրվագները, այդ թվում՝ «1979 թվականին խմբակային բռնաբարության համար դատվածությունը, որը հետագայում բեկանվել է Հայաստանի անկախացումից հետո»:
 
Հոդվածագիրը չի մոռացել նշել նաև, որ հւնիսի 7-ի ընտրություններից հետո, երբ Ծառուկյանի կուսակցությունը չի անցել խորհրդարան, իրավապահները ժամանել են նրա կալվածք՝ հարկային հանցագործությունների մեղադրանքով:
 
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ըստ տեղական լուրերի, նա «փորձել է փախչել երկրից մինչև մեղադրանքների հայտարարումը»: 
 
Մինչ Ծառուկյանը հեռախոսով արդեն «Նոյյան տապանի» հյուրանոց-սրճարանի նախագծերն է ցույց տալիս ու պնդում, որ այսպես իր անունը կգրի պատմության մեջ, հոդվածագիրը եզրափակում է՝ աշխարհի ամենամեծ Հիսուսը Հատիսի կատարին դեռևս չի բարձրացել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը