«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում չեն կատարվում վերադաս
մարմինների որոշումները
08-02-2010 19:32:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ՀՀ
Արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական
հիմնարկում փետրվարի 5-ին կատարված ուսումնասիրությունների
արդյունքում պարզվել է, որ ՔԿՀ-ում պատիժ են կրում 420
դատապարտյալներ, եւ դա այն դեպքում, երբ երդարադատության նախարարի
հրամանի համաձայն նշված ՔԿՀ-ի համար սահմանվել է լրակազմ 391
դատապարտյալի համար:
Բացի դրանից, ինչպես նշում է արդարադատության նախարարին
հասցեագրված իր նամակում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն
Հարությունյանը, հիմնարկում բացակայում է կիսաբաց տիպի ռեժիմով
դատապարտյալներին պահելու պայմանները, հիմնարկը չունի ջեռուցման
համակարգ, կացարանները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Գրեթե
բոլոր կացարանները ենթակա են կապիտալ վերանորոգման:
Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրության ժամանակ
պարզվել է, որ դատապարտյալների համար պատրաստված «բրնձով եւ
մակարոնով շիլային» ավելացվել է 5 տուփ պահածոյացված մսամթերք`
յուրաքանչյուրը 860 գրամ: Տվյալ պարագայում խախտվել է
կառավարության որոշման պահանջները, ըստ որի, յուրաքանչյուր
դատապարտյալին օրական տրամադրվում է 90 գրամ միս: Այսինքն, ըստ
էության կառավարության կողմից նախատեսված 90 գրամ մսամթերքի
փոխարեն «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից
տրամադրվել է մոտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9
անգամ:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների
պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթներով, Ա.Հարությունյանը խնդրել է
արդարադատության նախարարին տալ իր պարզաբանումները վերոհիշյալ
հարցերի կապակցությամբ: