Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2009թ.-ին աճել է 3%-ով<br />


Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2009թ.-ին աճել է 3%-ով

  • 05-02-2010 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2009թ.-ին Հայաստան է այցելել 575 հազար 281 զբոսաշրջիկ, ինչը 2008թ.-ի համեմատ 3%-ով ավելի է: Ինչպես փետրվարի 5-ի ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով, համաշխարհային զբոսաշրջությունը նախորդ տարում կրճատվել է 4%-ով, իսկ 2008թ.-ին արձանագրվել էր 2%-ի աճ: Մ.Ապրեսյանի խոսքերով, Հայաստան այցելողների մոտ 60%-ը սփյուռաքահայեր են: Բացի դրանից, զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս հիմնականում ԱՊՀ-ից, մասնավորպես, Ռուսաստանից եւ Վրաստանից, ինչպես նաեւ Եվրամիության երկրներից, Իրանից եւ ԱՄՆ-ից: Նա միաժամանակ նշեց, որ վերջին տարիներին աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է. սկսել են Հայաստան այցելել զբոսաշրջիկներ Հեռավոր Արեւելքի եւ Սկանդինավյան երկրներից, նախորդ տարի Հայաստան են եկել նաեւ զբոսաշրջիկներ Թուրքիայից: Ըստ Մ.Ապրեսյանի, 2009թ.-ին հատկապես ավելացել է Իրանից եկող զբոսաշրջիկների թիվը: Ոլորտի պատասխանատուի կանխատեսումներով, այս տարի Հայաստանի զբոսաշրջությունը շուրջ 5%-անոց աճ կունենա: Ըստ վարչության պետի, նախորդ տարի Հայաստանից զբոսաշրջային նպատակներով մեկնել է 526 հազար մարդ, ինչը 2008թ.-ի համեմատ 1,5-2%-ով ավելի է: «Հայաստանից հիմնականում գնում են եվրոպական երկրներ, նաեւ հեռավոր երկրներ, դա կախված է հնարավորություններից: Սակայն հիմնականում հայաստանցիները նախընտրում են ծովային հանգիստ առաջարկող երկրները»,- ընդգծեց Մ.Ապրեսյանը: Նրա խոսքերով, Հայաստանի կառավարության կողմից հաստատված Զբոսաշրջության հայեցակարգով նախատեսվում է մինչեւ 2020թ.-ը ոլորտի զարգացման համար ներդնել 2,5-3 մլրդ դրամ, որից 700 մլն-ը` պետության, մնացածը` մասնավոր հատվածի կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն