Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը վերադարձել է<br /> Ճապոնիայում կայացած հյուրախաղերից<br />


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը վերադարձել է
Ճապոնիայում կայացած հյուրախաղերից

  • 02-12-2008 17:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) նոյեմբերի 4-24-ին հյուրախաղերով գտնվում էր Ճապոնիայում: Ճապոնական «Koransha concert and planning agency» կազմակերպության հրավերով նվագախումբը ելույթներ է ունեցել Տոկիոյի, Տոկիգիի, Նիգատայի, Տոյամայի, Օսակայի, Համամացուի եւ Շիզուոկայի հեղինակավոր համերգասրահներում: Նվագախմբի հետ հանդես են եկել նաեւ կանադահայ ջութակահար Քեթրին Մանուկյանը եւ ճապոնացի դաշնակահար Հիրոյո Իմագավան: Ինչպես դեկտեմբերի 2-ի ասուլիսում հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, հյուրախաղերի ընթացքում նվագախումբը ունեցել է ավելի քան 15 համերգ: Ծրագրում ընդգրկված են եղել Խաչատրյանի, Չայկովսկու, Ռախմանինովի, Դվորժակի, Բորոդինի եւ Ռիմսկի-Կորսակովի հանրահայտ ստեղծագործություններ: Նրա խոսքերով, ճապոնիան այն երկիրն է, որը դասական երաժշտության ամենամեծ լսարանն ունի. նույնիսկ մետրոյում, սուպերմարկետներում ճապոնացիները լսում են դասական երաժշտություն: Նրա խոսքերով, դասական երաժշտության բնագավառում Ճապոնիան Եվրոպայից առաջ է 50, իսկ Հայաստանից` 250 տարով: «Դասական երաժշտությունը պրոպագանդվում է ամենուր: Ինձ թվում է, թե մենք վերադարձել ենք հեքիաթային մի աշխարհից: Ես այնտեղից վերադարձել եմ այլ մարդ դարձած, իսկ հիմա այնպիսի վիճակում եմ գտնվում, որ չգիտեմ, թե Հայաստանում այուհետ ում համար պետք է նվագենք»,- նշեց Է.Թոփչյանը` հավելելով, որ ՀՊՖՆ-ը որքան էլ փորձի պրոպագանդել դասական երաժշտություն, այդուհանդերձ ժողովրդի քիչ տոկոսին է դա հետաքրքրում: «Հիմա մենք ունենք բարձր մակարդակի ֆիլհարմոնիկ նվագախումբ, բայց ցավոք այդ նվագախումբը Հայաստանին պետք չէ, քանի որ պետական ռազմավարություն չկա, իսկ հեռուսատեսությունը, երաժշտական դպրոցները, կոնսերվատորիան քարոզում են միմիայն անճաշակություն»,- նկատեց Է.Թոփչյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play