Կվերանայվեն տեխզննության գործընթացին առնչվող մի շարք չափորոշիչներ
30-03-2011 19:02:46 | Հայաստան | Հասարակություն
Մարտի 30-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի է ունեցել տեխնիկական զննության կայանների խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ տեխնիկական զննության կայանների պատասխանատուներ:
Ա.Գեւորգյանը հայտնել է, որ կառավարությունը մի շարք ոլորտներում` այդ թվում տեխզննության, ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ կան բավականին դժգոհություններ` տեխնիկական զննության կայանների կողմից հավելյալ գումարների գանձման եւ մատուցած ծառայությունների որակի հետ կապված:
Վ.Գաբրիելյանը ներկաներին տեղեկացրել է, որ խնդրին որոշակի լուծում տալու նպատակով Ֆինանսների նախարարությունը մշակել է համապատասխան կարգ, որը կարգավորելու է բանկերի միջոցով տեխզննության համար գանձվող վճարումները եւ տեխզննության կայանների գործառույթները:
Մ.Վարդանյանը հայտնել է, որ վերոնշյալ կարգի ընդունման դեպքում կվերանայվեն տեխզննության գործընթացին առնչվող մի շարք չափորոշիչներ: