ՀՀ ԱԺ-Ն ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵՑ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ,<br /> ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ<br />


ՀՀ ԱԺ-Ն ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵՑ «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ,
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

  • 18-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 18-ի առավոտյան նիստում ՀՀ Ազգային Ժողովը ընդունեց նախօրեին քննարկված 4 օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ, որոնցով փոփոխություններ են կատարվում գործող օրենքներում: Այդ թվում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ինչպես նաեւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքներում լրացումներն ու փոփոխությունները: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում կատարված փոփոխություններով եւ լրացումներով, մասնավորապես, սահմանվում է, որ եթե հաշիվների դրամական մնացորդը պակաս է 1000 հայկական դրամից, ապա դրանք չեն երաշխավորվում: Նախատեսվում են նաեւ երաշխավորված ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ ստեղծելու բանկերի պարտականությունը եւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում ներդրված ավանդների երաշխավորումը: Խորհրդարանը նաեւ վավերացրեց նախօրեին քննարկված 2 միջազգային պայմանագրերը. - 2005թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան` կից հայտարարություններով, - 2008թ. հունվարի 8-ին ստորագրված ՀՀ եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը (Շուկայավորման հնարավորություն ֆերմերներին): Վերջին համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 32 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրի մասնակի ֆինանսավորում 12 մլն ԱՄՆ դոլարի չափով` 0,75 տոկոս տարեկան սպասարկման չափով: Գումարի մարումը նախատեսված է 2018-2047թթ.-ին: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից կտրամադրվի նաեւ 0,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամին միջազգային տեխնիկական աջակցության եւ հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձերի վճարման համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն