ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԴՌՆԵՐԸ<br /> ԲԱՑԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ<br />


ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԴՌՆԵՐԸ
ԲԱՑԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

  • 28-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հիմնանորոգումից հետո հոկտեմբերի 28-ին այցելուների առաջ իր դռները բացեց Ռուսական արվեստի թանգարանը, որը շուրջ 25 տարի չէր ենթարկվել վերանորոգման. թանգարանի տարածքը քայքայվում էր, նկարները` վնասվում: Թանգարանի առաջին այցելուների թվում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Անահիտ Ֆլջյանը, թանգարանի շենքը հիմնանորոգվեց շնորհիվ ՀՀ նախագահի կողմից Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գումարներից հատկացված 37 մլն. դրամի (շուրջ 120 հազար ԱՄՆ դոլար): Եվս 350 հազար ռուբլի թանգարանին է հատկացրել Մոսկվայի կառավարությունը: Թանգարանը սկզբնապես ստեղծվել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա, այնուհետեւ վերածվել Ռուսական արվեստի թանգարանի, որի հավաքածուում ներկայումս առկա է 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի շուրջ 120 ռուս նկարիչների 333 գործ` հեղինակների թվում են, մասնավորապես, Սերովը, Կորովինը, Արխիպովը, Նեստերովը, Վրուբելը, Գոլովինը, Սերեբրյակովան, Բենուան, Կուստոդիեւը, Ռերիխը եւ շատ ուրիշներ: Հիմնանորոգումից հետո թանգարանն ունի 8 սրահ, այդ թվում` թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի հիշատակի սրահը: Ըստ Ա.Ֆլջյանի, 333 աշխատանքներից շուրջ 80-ը գտնվում է ֆոնդերում, սակայն թանգարանում նախատեսվում է կազմակերպել երեկոներ հասարակության համար, թեմատիկ ցուցահանդեսներ, ինչը հնարավորություն կտա ցուցադրել նաեւ ֆոնդերում գտնվող նկարները: Տնօրենը որպես թանգարանի առջեւ ծառացած լուրջ խնդիր նշեց այն, որ անհրաժեշտություն կա վերականգնելու վնասված նկարները, թանգարանի տնօրենը հույս ունի, որ կկարողանա մասնագետ հրավիրել Մոսկվայից: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատեց. «Ժամանակին մի հավաքածու դարձավ թանգարան, աշխարհի տարբեր անկյուններում քանի՞ այդպիսի հավաքածու կա, որ պետք է բերենք Հայաստան եւ դարձնենք թանգարաններ: Շատ կարեւոր է, որ այսօր ՀՀ նախագահը խոսում է այն մասին, որ մենք պետք է կառուցենք տուն-թանգարանի շենք, որտեղ մենք կկարողանանք այսպիսի հավաքածուները բերել եւ ցուցադրել»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play