ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳՐՔԻ 60-ՐԴ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄՈՏ 250 ԱՆՈՒՆ<br /> ՏՊԱԳԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳՐՔԻ 60-ՐԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄՈՏ 250 ԱՆՈՒՆ
ՏՊԱԳԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔ

  • 24-10-2008 19:22:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության եւ Հայաստանի Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) նախաձեռնությամբ հայաստանյան մի շարք հրատարակչություններ մասնակցել են հոկտեմբերի 14-19-ին Ֆրանկֆուրտում կայացած Գրքի 60-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀԱԱ-ի նախագահ Վահան Խաչատրյանը, ցուցահանդեսում հայաստանյան 60 հրատարակչություններ ներկայացրել են գրական-գեղարվեստական, գիտահանրամատչելի, մանկապատանեկան եւ ուսումնական մոտ 250 անուն տպագիր արտադրանք: Վ.Խաչատրյանը հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի պատվիրակությանն այս տարի հատկացվել է 20 քմ-անոց տաղավար` նախորդ տարիների 8 քմ-ի փոխարեն: Ըստ նրա, ցուցահանդեսի ընթացքում հայ հրատարակիչները պայմանագրեր են կնքել տարբեր երկրների հրատարակիչների, գրավաճառ ֆիրմաների եւ տպագրատների հետ: Նշվեց նաեւ, որ այդ համագործակցության արդյունքում վերջին 4-5 տարիներին Հայաստանում բացվել են միջազգային հրատարակչական, տպագարական որոշ կազմակերպությունների ներկայացուցչություններ, ինչպես նաեւ ստեղծվել են համատեղ ձեռնարկություններ: Հիմնադրման 60-ամյակի առիթով այս տարվա ցուցահանդեսը անցել է առավել մեծ հանդիսությամբ: Ըստ Վ.Խաչատրյանի, երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացիները ավերակների վերածված երկիրը առաջին հերթին փորձել են վերականգնել գրքի միջոցով: Ֆրանկֆուրտում 1948թ.-ին անցկացվել է գրքի ցուցահանդես, որին մասնակցել են ընդամենը մի քանի հրատարկչություններ: Սակայն մարդկանց ուշադրությունը դեպի գիրքը գրավելու համար ցուցահանդեսի կազմակերպիչները կենդանաբանական այգուց մի ուղտ են բերել եւ վրան փակցրել «Միայն ուղտերը գիրք չեն կարդում» մակագրությամբ ցուցանակ: Տարիների ընթացքում Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսը դարձավ միջազգային, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր հրատարակիչներ: Վ.Խաչատրյանը նշեց, որ հայ հրատարակիչները կմասնակցեն նաեւ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը Ստամբուլում կայանալիք գրքի 27-րդ միջազգային ցուցահանդեսին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play