ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՋԱԶԻ ԳԵՐԱՍՏՂ ԱԼ ՋԵՐՈՆ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՋԱԶԻ ԳԵՐԱՍՏՂ ԱԼ ՋԵՐՈՆ

  • 21-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան ջազի գերաստղ լեգենդար Ալ Ջերոն Երեւանում է, եւ հոկտեմբերի 21-ին միայն մեկ համերգային ծրագրով հանդես կգա Ալ.Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիկան թատրոնում: «Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում կազմակերպված այս համերգին սպասող բազմաթիվ երեւանցիներ, սակայն, չեն կարող ներկա լինել երաժշտական այդ միջոցառմանը, քանի որ, ինչպես նշեցին կազմակերպիչները, ամերիկացի ջազմենը եւ նրա պրոդյուսերը խստապահանջ են եւ դեմ են, որ դահլիճում նախատեսվածից ավելի հանդիսատես լինի: Մինչեւ համերգը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայ լրագրողներին հնարավորություն ընձեռվեց որոշ հարցեր ուղղել Ալ Ջերոյին: Տաղանդավոր երաժիշտը ջազային երաժշտությանը հատուկ ազատ ու անկաշկանդ պահվածքով խոսեց երաժշտությունից ու կյանքից, նշելով, որ իր համար երաժշտությունը եւ կյանք է, եւ աշխատանք, եւ մեծ հոբի. «դա երիտասարդական բերկրանք է եւ ինձ ուժ է տալիս ապրելու եւ ստեղծագործելու»: «Ես ամուսնացած եմ եւ երջանիկ, քանի որ կինս մինչ օրս ինձ հետ է: Ունեմ մեկ որդի: Իմ աշխատանքն այնպիսին է, որ անվերջ դրսում եմ, սակայն ընտանիքս միասին է, եւ կարծում եմ, որ սա մեծ նվաճում է ինձ համար»,- ասում է ամերիկացի երաժիշտը: Ալ Ջերոն մեծացել է հոգեւարականի ընտանիքում, վաղ տարիքում երգեհոնահար մոր հետ հասճախել է եկեղեցի, լսել հոգեւոր երաժշտություն, եւ այս ամենը նրան օգնել է հասնել երաժշտական բարձունքների: Նա արժանացել է 5 Գրեմմի մրցանակի: Մասնագիտությամբ հոգեբան Ալ Ջերոյի խոսքերով, հոգեբանությունը օգնել է նրան երաժշտության մեջ. «այդ մասնագիտությունը ավելի նրբազգաց է դարձնում, եւ դու ավելի լավ ես զգում այն»: Նա 4 տարի աշխատել է հաշմանդամների վերականգնողական կենտրոնում: «Ես անընդհատ երաժշտության աշխարհում եմ, այն իմ մեջ է, եւ ես անզոր եմ դրա դեմ»,- ասում է նա: Անվանի երաժիշտը համոզված է, որ այսօր երաժշտությունը չարաշահում են. «ամեն տեղ այն հնչում է` փողոցում, տարնսպորտում, կրպակում, ռեստորանում եւ ակումբում, իսկ մարդիկ անընդհատ լսելով` լուրջ չեն վերաբերվում դրան»: Տաղանդավոր ջազմենը Հայաստանի եւ հայերի մասին շատ տեղեկացված չէր, սակայն նշեց, որ այն ռեստորանում, ուր նա լինում է շաբաթվա մեջ 3 անգամ, հնչում է հայկական երաժշտություն եւ կերակուրներն էլ համեղ են:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play