«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՉԻՆԱՑԻ ԵՎ<br /> ԻՐԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՀԵՏ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՉԻՆԱՑԻ ԵՎ
ԻՐԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՀԵՏ

  • 15-07-2008 19:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 15-ին հայ լրագրողները հանդիպեցին խաղարկային ֆիլմերի մրցույթին մասնակցող «Կարմիր կոմբայնը» ֆիլմի հեղինակ չինացի Ցայ Շանգժունին եւ իրանցի կինոռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարիին: Փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանի խոսքերով, 25 տարի առաջ իրանական եւ չինական կինոն մեծ վերելք է ապրել: Նա նշեց, որ հայ կինոհանդիսատեսն արդեն նախորդ փառատոների շնորհիվ հնարավորություն է ունեցել առնչվել իրանական կինոյի դասականների հետ, իսկ չինականին` դեռ ոչ: Նրա կարծիքով, հատկապես հետաքրքիր կլինի դիտել նոր սերնդի ներկայացուցիչների ֆիլմերը, ինչի շնորհիվ «մեզ կհասնի այդ երկրների կինոյի նոր խոսքը»: «Իրանական կինոյի դասականները խոսում էին պարզ ճշմարտությունների մասին, իսկ երիտասարդները սկսել են կասկածել այդ ճշմարտությունների վրա: Սաֆարիի ֆիլմը, օրինակ, ցույց է տալիս, որ պարզ ճշմարտություններն այդքան էլ պարզ չեն»,- ասաց Մ. Ստամբոլցյանը: Իրանցի ռեժիսորը իր «Աշխարհի եզրը» ֆիլմը Հայաստան է բերել ուրախությամբ, քանզի այն 2 տարի շարունակ արգելված է եղել ցուցադրության համար Իրանում, եւ միայն այս տարի է ցուցադրության իրավունք ստացել: Սա կինոռեժիսորի առաջին խաղարկային ֆիլմն է: Մինչ այդ, նա նկարահանել է վավերագրական, գեղարվեստական եւ կարճամետրաժ կինոնկարներ: Ըստ նրա, սակայն, «այս դեպքում էլ կարելի է տեսնել վավերագրականի ազդեցությունը»: Ըստ չինացի կինոռեժիսոր Ց. Շանգժունի` «Կարմիր կոմբայնը» ֆիլմն այն մարդկանց մասին է, ովքեր կորցրել են իրենց տեղը եւ գտնվում են քաղաքի ու գյուղի միջեւ: «Ամեն տարի Չինաստանի քաղաքներ են հոսում 1 մլն մարդ: Պատճառն այն է, որ նրանք կորցրել են իրենց հողերը, կամ ձգտում են երջանիկ կյանքի, բայց քաղաքացի էլ չեն դառնում եւ կորցնում են իրենց ինքնությունը»,- նշեց արվեստագետը: «Կարմիր կոմբայն»-ի հերոսը, այնուամենայնիվ, ընտրում է քաղաքը: Կինոռեժիսորը սա հիմնավորում է նրանով, որ երիտասարդությունն այլ ճանապարհ չունի: «Երեւի սա դաժան է, բայց սա է իրականությունը»,- ասաց նա: Ց.Շանգժուի խոսքերով, ինքը շատ երջանիկ է Հայաստան գալու համար. «առաջին անգամ եմ այստեղ, սակայն այնպիսի տպավորություն է, որ վաղուց արդեն ծանոթ եմ Հայաստանին»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play